Մամուլ

Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը (ֆոտո)

Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման դեպքի:

Այս պաստառից այն կողմ պատկերն ամենևին էլ չի համապատասխանում գրությանը: Հանգստի գոտի՝ ծառերի հաշվին:

«Իրականում, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը:

Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ.-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:

ապօրինի շինարարություն
ապօրինի շինարարություն

«Կառուցապատողի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնում ներկայումս գործի քննություն է ծավալվել, սակայն կառուցապատողն էլ իր հերթին է միջնորդություն  ներկայացրել՝ գործի նյութերին ծանոթանալու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել է, և մենք սպասում ենք մինչև այդ վարույթի ավարտը: Համապատասխան որոշում կայացվելուց հետո արդեն կքննարկվի տվյալ շինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը»,- նշում է Ռուբեն Խոջայանը: Կառուցապատումն իրականացնող Տիգրան Ավետիսյանն այդպես էլ չցանկացավ հանդիպել ու զրուցել մեզ հետ:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումից ու նախագծային շեղումներից: Այսուհետ, մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն:

«Եվս մեկ անգամ կխնդրեմ և կհորդորեմ մեր բնակիչներին, որ զերծ մնան կառուցապատման նմանատիպ աշխատանքներ իրականացնելուց: Ակնհայտ է, որ բոլորը բացահայտվելու են, կասեցվելու են, և ունենալու են իրենց տրամաբանական ավարտը՝ ընդհուպ մինչև շինության ապամոնտաժում կամ քանդում»,- ընդգծում է Ռուբեն Խոջայանը:

Կիսվել