Մամուլ

Երևանում դաշնամուրի նախկին գործարանում տեղի ունեցած փլուզման փաստով նախաձեռնվել է քրվարույթ

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ 24News-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։

Մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։