Երևանում ամուսինը կնոջը գլխիվայր նետել է երկրորդ հարկի աստիճանավանդակից
Սարսափելի դեպքից մեկ տարի անց պարզվել է, որ ամուսինը ոչ թե ինքնասպանության է հասցրել կնոջը, այլ սպանել է նրան։ Կնոջն ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող տղամարդուն սպանության մեղադրանք է առաջադրվել։
Դեպքից մեկ տարի անց իրավապահները պարզել են, որ 30-ամյա կինն իրականում ոչ թե ինքնասպանություն է գործել` ամուսնու կողմից բռնության ենթարկվելուց հետո, այլ սպանվել է նրա ձեռքով։ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել 2017թ-ի մարտին գրանցված դեպքից։
2017 թվականի մարտի 3-ին անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակչուհին, որը 4 օր անց մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։ Ամուսինը հայտարարել էր, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ դեպքի օրն ամուսինները վիճաբանել են։ Ամուսինը բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, ապա տան աստիճանավանդակից գլխիվայր ցած է նետել նրան դեպի տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ամուսինը կալանավորվել է:
Աղբյուր՝ armeniasputnik.am