Մամուլ

Երևանի քաղաքապետարանը տասնյակ ծառայողական մեքենաներ է կրճատել, դրանք կդրվեն հրապարակային աճուրդի. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետարանը տասնյակ մեքենաներ է կրճատել, և յուրաքանչյուր վարչությանը տրամադրվել են մեքենաներ, որոնք օպերատիվ բնույթ են կրում, այսինքն՝ ոչ թե սպասարկում են տվյալ վարչության ղեկավարին, այլ ընդհանուր առմամբ տվյալ վարչությանը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ արձագանքելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին, թե ինչու մայրաքաղաքում «պադավատ» մեքենաների թիվը չի կրճատվում, և ինչու քաղաքապետարանի աշխատակիցները չեն ստանում տրանսպորտի անվճար տոմսեր, ինչն էլ կնպաստի այդ մեքենաների թվի կրճատմանը:

«Վստահ եմ՝ գիտակցում եք, թե ինչ կարևորություն ունի գոնե այդ 1 մեքենան ամբողջ վարչության համար, որովհետև մենք ունենք վարչություններ, որոնք օրվա մեջ А կետից մինչև Z կետն են լինում, և ըստ այդմ՝ այդ մեքենաները խիստ անհրաժեշտություն են, և դրանք պետք չէ ընկալել որպես ծառայողական մեքենաներ:

Ինչպես նշեցի, մենք արդեն տասնյակ մեքենաներ Երևանի քաղաքապետարանում կրճատել ենք և Երևանի քաղաքապետարանում նախապատրաստում ենք, որպեսզի այդ մեքենաները դնենք հրապարակային աճուրդի»,- ասաց նա: