Երևանի կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին հեռացնել աշխատանքից:
Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուրջ երեք ամիս է` կենդանասերները նախաձեռնել են ցույցեր Կենդանաբանական այգում տիրող իրավիճակը կարգավորելու համար:
«Այս երեք ամսվա ընթացքում երեք հանդիպում է եղել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Վերջին հանդիպման ժամանակ խնդրեցին 5 աշխատանքային օր, որ որոշակի տեղեկություն տան աշխատողների անօրինական ազատման մասին: Հայտնեցին, որ ավարտվել են ստուգումները, կիրազեկեն: Բայց 5 օրից անցել է 20 օր և ոչ մի արդյունք չկա»,- ասաց նա:
Նրանք դիմում-նամակ էին կազմել, որն Արմեն Ումրշատյանն ընթերցեց և հանձնեց:
«Կենդանասերների նախաձեռնող խումբը պահանջում է անհապաղ կասեցնել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, տրամադրել այգում կատարած ստուգումների արդյունքները, եռօրյա ժամկետում տեղեկություն տրամադրել առյուծների անկման պատճառների մասին: Կենդանասերները պահանջում են անձնական հանդիպում միայն ձեզ հետ: Կոչ ենք անում, խնդրում ենք Երևանի քաղաքապետին ընդունել նախաձեռնող խմբին և տալ որոշակի պարզաբանումներ»,-ասված էր նամակում:
Կենդանաբանական այգու նախկին աշխատողներից Արման Խանամիրյանն էլ նշեց, որ Խաչատրյանը կենդանաբանական այգու տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ հին աշխատողներ չեն լինելու: «Նրանց այգին պետք է առանց կենդանիների: Կենդանաբանական այգին կինոնկարահանման տարածք է դարձել, կենդանիների համար պայման չկա»,- ասաց նա:
Վերջինս հավելեց, որ միանշանակ կենդանիների անկումը դիտավորյալ է արվում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ դուրս եկավ, որ խոսի ցուցարարների հետ, սակայն նրանք հրաժարվեցին` նշելով, որ այլ անձի հետ չեն հանդիպելու, պետք է քաղաքապետն ընդունի իրենց: