Մամուլ

Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվել է Չինաստանի երկու քաղաքացի. մեկը ջերմություն ունի

Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվել է Չինաստանի երկու քաղաքացի. մեկը ջերմություն ունի:

Med.news.am-ը գրում է․ Երեւանում Չինաստանի երկու քաղաքացու, որոնց թույլ չեն տվել հատել վրացական սահմանը, մեկուսացրել են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակում։ Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն ուներ։ Երկրորդը հիվանդության ոչ մի ախտանշան չուներ։

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Նրա խոսքով՝ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, թե նրանցից որեւէ մեկը վարակված է նոր չինական կորոնավիրուսով։

Չինացիներից մեկը, որի ջերմությունը 37 աստիճան էր, ռենտգենաբանական հետազոտություն է անցնում, որը ցույց կտա, թե արդյոք նրա մոտ թոքաբորբ կա, որը հաճախ առաջանում է կորոնավիրուսի ինֆեկցիայի ֆոնին։ Երկրորդ չինացու մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չկա, բայց համենայնդեպս նույնպես մեկուսացվել է, քանի որ շփվել է առաջինի հետ։

Լիանա Թորոսյանը հիշեցրել է, որ երկու շաբաթվա ընթացքում չինացիներն ապրել են Վրաստանում, ինչից հետո եկել են Երեւան, ուստի հավանականությունը, որ նրանք վարակված են կորոնավիրուսով, շատ ցածր է. այդ երկու շաբաթներում հիվանդությունն արդեն հասցրած կլիներ դրսեւորվել։ Մասնագետների կարծիքով՝ առաջին չինացու մոտ, ամենայն հավանականությամբ, սովորական ՍՇՎ է։

Մասնագետը հիշեցրել է, որ  ներկայում Ուհանում ապրում է 6 հայ՝ երեք ուսանող եւ երեք մարդ, որոնք աշխատում են պայմանագրով։ Նրանք տնից դուրս չեն գալիս եւ զգույշ են սնվելու հարցում։

Մասնագետը նաեւ նշել է, որ Չինաստանից Հայաստան եկող բոլոր մարդկանց ստուգում են օդանավակայանում, չափում են ջերմությունը, ինչից հետո նրանց հանդեպ սահմանվում է 14-օրյա հսկողություն։

Հիշեցնենք, որ 2019-nCoV նոր կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 132 մարդու, հիվանդների ընդհանուր թիվը մոտ 6000 է։ Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն թե՛ շփման-կենցաղային, թե՛, ավելի շուտ, օդակաթիլայնին ճանապարհով։

Աղբյուր՝ med.news.am

Կիսվել