Մամուլ

Երևանի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն․ վերջինս կոտրվածք է ստացել

Հունվարի 26-ին,շ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ րենց կողմից սպասարկվող վարչական տարածքում գործող հիմնական դպրոցներից մեկի միջանցքում վայր ընկնելու հետևանքով «Ուսահոդի գլխիկի կոտրվածք» ախտորոշմամբ «Նոր Նորք» առողջության կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Փ․-ն է, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում գնդակով խաղալիս ոտքը սայթաքել և վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք։

Աղբյուրի տեղեկություններով սակայն ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում Դ. Փ․-ն մարմնական վնասվածքը ստացել է Երևանի բնակիչներ 11-ամյա Ա․ Բ․-ի, 11-ամյա Ս․ Մ․-ի և 11-ամյա Դ․ Մ․-ի կողմից հրելու և վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։