Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի. վերջինս իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր ընկել՝ պարզվում է
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի. վերջինս իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր ընկել՝ պարզվում է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 32 շենքի դիմաց կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քանի որ դին հայտնաբերվել է տեսանելի վայրում, հրշեջ-փրկարարների օգնության կարիք չի եղել, ինչի համար էլ վերջիններս հետ են վերադարձել ջոկատ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Սարիգի Կիրակոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեին Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ապա օգնել են դին մոտեցնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել: