Մամուլ

Երկրորդ անգամ երեխայիս կորցնում եմ նույն բժշկի պատճառով

Երկրորդ անգամ երեխայիս կորցնում եմ նույն բժշկի պատճառով

Hraparak.am-ը գրում է․ «Հրապարակին» են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար համայնքի 25-ամյա բնակչուհի Ա. Ն.-ի հարազատները եւ իրենց վրդովմունքն են բարձրաձայնում Մարտունու ծննդատան մանկաբարձ-գինեկելոգ Գոռ Շաբոյանի վերաբերմունքից:

Ա. Ն.-ի մայրը՝ տիկին Արմինեն, պատմում է, որ իր աղջիկը, որն ունեցել է 6 շաբաթական հղիություն, բարձր ջերմություն ունենալու պատճառով դիմել է բժիշկ Շաբոյանին, սակայն վերջինս նրան չի ընդունել, անընդհատ տարբեր պարտվակներով տուն է ուղարկել:

«Առաջին անգամ ասաց՝ գնա, մի քանի օր հետո կգաս, հիմա չեմ կարող ընդունել: Աղջիկս տուն է գալիս, ջերմությունը չի իջնում, մի քանի օր հետո է գնում, ասում է՝ գնա, երկու շաբաթ հետո կգաս:

Իսկ այդ ժամանակ աղջկաս ջերմությունը 37,5-38,5 էր: Էխոյի բժիշկն էլ ասում էր, որ հղիություն է, երեխան 6 շաբաթական չորս օրական է: Երկու շաբաթ հետո գնացին, նորից չընդունեց, ուղարկեց թերապեւտի մոտ: Թերապեւտն ասաց, որ գինեկոլոգը պետք է նայի:

Նորից ենք իրեն դիմում, ասում է՝ գնա կորոնավիրուսի համար թեստ հանձնի: Հանձնեցինք, պատասխանը բացասական էր: Էխոյի բժիշկն ասաց, որ աղջկաս վիճակը վատ է, երեխան չի աճում: Աղջիկս ուզում էր, որ իրեն ուղարկեն Երեւան, սակայն հրաժարվեցին՝ ասելով, թե քաղաքում վիրուսը տարածված է, այնտեղ են հեռացնելու երեխային, իրենք կհեռացնեն:

Աղջկաս սկեսրայրն այդ ժամանակ վիճեց բժշկի հետ, ասաց, որ կբողոքենք այս անտարբերության համար: Ինքն էլ ասաց՝ ում ուզում եք, բողոքեք: Փաստորեն, 22 օր բարձր ջերմություն ունենալուց հետո աղջիկս կորցրեց իր երեխային»: Իսկ երեխային կորցրած 25-ամյա Ա. Ն․-ն արտասվելով ասաց. «Օգոստոսին ես նորից հղիացել էի: Ինձ վատ էի զգում, դիմում էի իրեն, ասում էր՝ երեւի թութ ես կերել, դրանից է:

Պարզվեց, որ պտուղը 13 օրվա մահացած էր: Աբորտից հետո իբր ինձ բուժումներ նշանակեց, անալիզներ վերցրեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, էլի կհղիանաս: Նորից նույն պատմությունը կրկնվեց: Դիմում եմ, ասում եմ՝ լավ չեմ, նա ինձ ասում է՝ գնա պարացետամոլ խմի, չայ խմի՝ ջերմությունդ կիջնի: Երբ նրան ասում էինք, որ միգուցե պտուղը չի աճում, ասում էր՝ ինչի՞ց եք ենթադրում, որ չի աճում: Ցույց տվեցինք էխոյի թուղթը, ասում է՝ ես չգիտեմ՝ դա պտուղ է, պտուղ չէ, ինչի՞ համար պայքարեմ:

Պետք է ժամանակը գա, հղիությունը դառնա 11 շաբաթական, որ գրանցվես, նոր այդ ժամանակ ես քեզ կնայեմ: Ասում էինք՝ այդ դեպքում ուրիշ բժշկի մոտ ուղարկեք, չէր ուղարկում: Այս էլ երկրորդ երեխայիս եմ կորցնում նույն բժշկի պատճառով: Այսպիսի անտարբերությունն անթույլատրելի է, ինքը չի հասկանում, թե ես ինչպիսի հոգեբանական ու ֆիզիկական տրավմաների եմ ենթարկվում ամեն անգամ երեխա կորցնելուց հետո:

Ասում ենք՝ ի՞նչն է պատճառը, որ այդպես եղավ, ասում է՝ չեմ կարող պատճառն ասել: Ինձ հետ այդ գործողությունն արեցին առանց ցավազրկման, քանի որ ներսս ամբողջությամբ լիքն էր թարախով: Ամբողջ մարմինս ու հոգիս կտոր-կտոր էր լինում, ոնց որ ինձ կենդանի-կենդանի մորթեին…»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել