Մամուլ

Երկրից հեռացա, քանի որ Քոչարյանն ու իր հպատակները հալածանքներ սկսեցին իմ և ընտանիքիս նկատմամբ․ Անահիտ Քնարյան

«Երկրից հեռացա, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու իր հպատակները հալածանքներ սկսեցին իմ և ընտանիքիս նկատմամբ»։

«Առաջին լրատվականը» գրում է․ Բանաստեղծ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ Անահիտ Քնարյանը տասնհինգ  տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, Նյու-Յորքում։ Մինչ այդ նա ՀՀ ակտիվ քաղաքացի էր, պայքարում էր  Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ։

2004թ․ ապրիլի 12-ի գիշերը  լույս 13-ի ցերեկը  Երեւանի Բաղրամյան պողոտայում Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգով ընդդիմության ցուցարարների ծեծ ու ջարդը եղան այն վերջին կաթիլը, որոնք ստիպեցին քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկած Անահիտ Քնարյանին հեռանալ Հայաստանից։

Բանաստեղծի ասելով՝ 15 տարի է, ինչ ինքը զրկված է իր հայրենակիցների հետ մի կտոր չոր հաց կիսելու հնարավորությունից։

«Ես այդ օրը կանգնած էի Բաղրամյան պողոտայում, փշալարերի մոտ, ելույթ ունեցա, ինչից հետո օղակը սեղմվեց իմ շուրջը»,- հիշում է Անահիտ Քնարյանը։

Մեզ հետ զրույցում բանաստեղծն ասաց, որ իր ոդիսականը, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հպատակների  կողմից  հալածանքները սկսվել են ավելի վաղ, 2000 թվականին, երբ ինքը մասնակցեց Արկադի Վարդանյանի բազմամարդ հանրահավաքին։ Այդ հանրահավաքում Անահիտ Քնարյանը բավականին խիստ է խոսել հայաստանյան իրականության մասին, քանի որ Հոկտեմբերի 27-ից մեկ տարի էր անցել, դեռ թարմ էին հիշողություններն ու տպավորությունները։

«Արկադի Վարդանյանի հանրահավաքները, ցույցերն առաջին բացահայտ պայքարն էին Հոկտեմբերի 27-ից հետո։ Նա առաջին անգամ բացահայտ պայքար սկսեց Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Հենց 2000թ․ հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո էլ սկսվեց իմ ոդիսականը։ Երեկոյան ձերբակալեցին Արկադի Վարդանյանին, իսկ բառացիորեն հաջորդ օրն ինձ ազատեցին աշխատանքից։ Ես աշխատում էի «Սարդարապատ» հուշահամալիր-թանգարանում, այնտեղ բացել էի լրատվական կենտրոն, ինչին նպաստել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Հայտնի է, որ այնտեղ արդեն Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, իսկ Վլադիմիր Դարբինյանը «Սարդարապատ»-ի տնօրենն էր։

Ինձ հաջորդ օրը բերման ենթարկեցին։ Գրողների միությունից ինձ զանգահարեց Աբգար Ափինյանը եւ ասաց, որ ոստիկաններն եկել, ինձ են փնտրում, ի՞նչ անեն։ Ես հետաքրքրվեցի, թե ինչու են ինձ փնտրում։ Այն ժամանակ Գրողների միության նախագահը լուսահոգի Հրանտ Մաթեւոսյանն էր։ Այդ ժամանակ էլ սկսեցին ձերբակալությունները, ձերբակալեցին Արկադի Վարդանյանին։ Շատերը փախան, թաքնվեցին տեւական ժամանակով, շատերը հեռացան երկրից։ Երբ ոստիկանները եկան մեր տուն, եկավ նաեւ Աբգար Ափինյանը։ Այն ժամանակ բերման էին ենթարկել նաեւ Կարեն Ջանիբեկյանին, քանի որ շատ սուր ելույթ էր ունեցել։ Դրանից հետո ինձ տարան ԱԱԾ։

Ինձ ընդունեցին չորս-հինգ  հոգի, տարան ծեփաթափ  նկուղներով, 37 թվականի նկուղներն էին ինձ հիշեցնում, մտածում էի, որ Եղիշե Չարենցի ոտնահետքերով եմ գնում։ Ինձ տարան մի սենյակ, հիշեցրին իմ խոսքերը, թե ես ասել եմ, որ ժողովրդի եւ իշխանության միջեւ չինական պարիսպը պետք է քանդվի։ Հետո հետաքրքրվեցին, թե ես ինչ պայքարի մասին եմ հիշատակել իմ ելույթում։ Մի խոսքով՝ ինձնից բացատրություն վերցրեցին։

Երբ ձերբակալվեց Արկադի Վարդանյանը, երկար ժամանակ պայքարեցինք նրա ազատության համար։ Հետո,  երբ նա հայտնվեց ազատության մեջ, հեռացավ երկրից։  Ես իմ պայքարը շարունակեցի նորաստեղծ <Հանրապետություն> կուսակցությունում մինչեւ 2004թ․ ապրիլը։ Իմ ընկերներն ավելի ուշ ասացին, որ ինձ կարող են մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով, որ իբր ես կռվի կոչ եմ արել»,- հիշում է Անահիտ Քնարյանը։

Երբ Քնարյանը հեռացել է երկրից, հաշվեհարդար են սկսել իր ընտանիքի նկատմամբ։ Հիմնականում այդ հաշվեհարդարն, ըստ նրա, իրականացրել է հայտնի օլիգարխ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Ես այն ժամանակ հասկացա, որ իմ վերադարձն անիմաստ է։ Այն ժամանակվա Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը խորհուրդ տվեց ինձ չվերադառնալ։ Իմ  բնակարանները՝ մեկ եւ երկու սենյականոց, գրավի տակ էին դրված։ Այն ժամանակ ես աշխատանք չունեի եւ ստիպված էի հոգալ իմ ընտանիքի կարիքները։ Ինձ այդ ժամանակ կանչեցին Հարկային տեսչությունից եւ հետաքրքրվեցին, թե ինչու հարկեր չեմ վճարում։ Այսինքն՝ դա քաղաքական հալածանքի մի ձեւ էր»,- ասաց Անահիտ Քնարյանը։

Հայաստանից հեռանալուց հետո էլ նա ամեն պահ հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում Հայաստանում, չի կարողացել կտրվել հայրենիքից, ծանր պահեր է ապրել՝ որպես վտարանդի։ Ասում է, որ վտարանդիությունն ահավոր դատավճիռ է մարդու համար։

«Նույնիսկ ավելի լավ է, որ մարդ սեփական երկրում մի որոշ ժամանակ նստի բանտում, քան դառնա վտարանդի։ Շատ լավ երկիր է ԱՄՆ-ն ամերիկացիների համար, որոնք ծնվել, մեծացել են այստեղ»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Անահիտ Քնարյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերին ԱՄՆ կատարած այցին, ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը։

«Գիտեք ի՞նչ, այստեղ կան Հայաստանից եկած շատ ուսանող երիտասարդներ։ Նրանք ուսանում են լավագույն բուհերում, սակայն ամեն պահ պատրաստ են վերադառնալ Հայաստան։ Իմ որդին ավարտել է ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկը՝ Կոլումբիայի համալսարանը եւ ցանկանում է վերադառնալ հայրենիք։  Նա  ունի ընկերներ, որոնք ցանկանում են վերադառնալ։ Մարդիկ ուզում են վերադառնալ եւ իրենց աշխատանքային գործունեության, մտավոր նպաստը բերել Հայաստան։

Կարծում եմ, որ այդ երիտասարդները կվերադառնան, եթե Հայաստանի կառավարությունն ընթացք տա դրան։ Յուրաքանչյուր մեկի վերադարձը պետք է լինի ցուցադրական, պետք է ներկայացնել, որ այդ երիտասարդը վերադարձել է, եւ մենք նրան տալիս ենք հնարավորություն՝ դրսեւորվելու։ Մարդիկ պետք է գան եւ Հայաստանում գտնեն իրենց տեղը։ Չէ՞ որ ԱՄՆ-ում կայանալը, ոտքի կանգնելը շատ բարդ է, պահանջում է աշխատասիրություն, համառություն, մաքուր կենսագրություն>,- ասաց Անահիտ Քնարյանը, որը եւս վերադարձի ցանկություն ունի։ Թեկուզ՝ տասնհինգ տարի անց։

Առավել մանրամասն՝ սկզբանղղբյուր կայքում։

Կիսվել