Նվագիր ջութակ, նվագիր էլի․․․․Երկնային ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Մենուա Հովհաննիսյան
Դեկտեմբերի 22-ին անմահ հերոս Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է։
Հերոսի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հերոսական ծնունդդ շնորհավոր Մեն։
Նվագիր ջութակ, նվագիր էլի…..
Ամիսներ առաջ ներսումս անընդհատ թավջութակ էր նվագում՝ քնից արթնանում էի նրա նվագից(նրա, որովհետև նա հոգի ուներ), աշխատում էի՝ նա նվագում էր, քայլում էի՝ նվագում էր….. ու բոլորովին չէր խանգարում, համահունչ էր հոգուս մղկտոցին….
Արդեն մեկ ամիս է նրան փոխարինել է ջութակը…. մենք ապրում ենք իրար հետ….. նա էլ ինձ համար կարոտի մեղեդի է նվագում ամեն օր, ու ես Մենուայիս գրկած պտտվում եմ խելագար վալսում…..
Վալս պարելու համար խենթանում էի. շատ էի ուզում իր հետ մի անգամ պարել, խնդրում էի, որ սովորի: Որոշեցինք, որ Սարդուրիս հարսանիքին բոլորին կզարմացնենք մեր վալսով….. Ասացի՝ երդվիր, երդվեց……
Մի քանի րոպեից աշխարհի վրա կբացվի այն օրը, որ ինձ քեզ պարգևեց. իմ արևաբեր Մենուա, Մեն….. կարոտս, ծամածռվող ժպիտս, կուչ եկած կոպերիս տակ թրթռացող ու չհոսող արցունքս….. երբեմն գալիս կանգնում ես հայացքիս ու աշխարհի արանքում. նայում եմ աշխարհին քո չքնաղ աչքերի միջով ու կուրանում լույսիցդ……քեզ դիպչելու անհնարինությունից եմ կուրանում, Մեն……
Մեեեեեեեեեեեեեեն…………. ծնվիր, խնդրում եմ, առավոտյան 8:20 էլի ծնվիր, բալես……..ու թող Արևը ինձ համար նորից շողա……»։



