Երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: