Մամուլ

Երեկ վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժիշկը` Մերի Խաչատրյանն արժանացավ շնորհակալագրի

Մասնագիտական սխրանքի համար երեկ վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժիշկը` Մերի Խաչատրյանն արժանացավ շնորհակալագրի: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա իր արարքով ընդգծել է բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել:

Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։

Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասաց Մերի Խաչատրյանը` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը:

Մասնագիտական սխրանքների նման օրինակները ընդգծում են առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչը` նվիրումը:

Ձեզ սպասող, Ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը Դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար:

Վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է:

Կիսվել