Երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ գիտակցությունն է կորցրել․ մանրամասներ Դեբետի ողբերգական դեպքից
Երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ գիտակցությունն է կորցրել․ մանրամասներ Դեբետի ողբերգական դեպքից
Factor.am-ը գրում է․ Լոռու մարզի Դեբետ գյուղի խաղահրապարակում երկու օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա աղջիկը խաղալիս դիպել է էլեկտրասյունից դուրս եկած հոսանքալարին ու տեղում մահացել։
Հիմա խաղահրապարակի տարածք մտնել չի թույլատրվում։ Գյուղի բնակիչ Քրիստինե Ղազարյանն է փորձել աղջկան առաջին օգնություն ցույց տալ։
«Երբ խաղահրապարակից ձայներ լսեցի, աշխատավայրս մոտ է, վազեցի դեպի փողոց ու այդտեղ եմ հանդիպել՝ պապիկը երեխային գրկած խաղահրապարակից բերում էր։
Մենք չէինք հասկանում՝ մահացած է, թե ոչ․ որպես առաջին օգնություն՝ սիրտը մերսեցինք, երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ ուղղակի գիտակցությունն է կորցրել, հետո շտապօգնության մեքենան տարավ։ Հետո իմացանք, որ երեխան տեղում մահացած է եղել»,- պատմեց բնակիչը։
Ըստ գյուղացիների՝ երեխան թաքնվել է խաղահրապարակում տեղադրված սեղանի տակ, այդ ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին։
«Պահմտոցի են խաղացել, ինքն այդ պահին մենակ է թաքնված եղել։ Հոսանքը բաց է եղել, թե ինքն է բացել՝ չեմ կարող ասել, բայց փաստ է, որ էլեկտրահարվել է, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Քրիստինե Ղազարյանը։
Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի վարկածով՝ տարածքն անվտանգ է եղել, երեխան ինքն է հեռացրել հոսանքալարի մեկուսիչ ժապավենը։ Նա, միաժամանակ, նշում է՝ իրենք չեն էլ իմացել, որ հոսանքալարի վրա միայն այդ ժապավենն է եղել, եթե նկատած լինեին, թերությունը կվերացնեին։
Այս տարածքը համայնքապետարանի վերահսկողության տակ է, խաղահրապարակը, սակայն, էլեկտրականության հարցով պատասխանատու-սպասարկող չի ունեցել։
«Հավանաբար, խաղալուց են իրենք հեռացրել այդ ամեն ինչը, մանրամասներից տեղյակ չեմ, քննություն է տարվում, այս պահին որևէ տվյալ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ երեխան է այդ փաթաթած լարը քանդել»,- ասաց Անուշ Սարգսյանը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում