Երեխուն բռնել են հետևից, սկսել են հարվածել. բացառիկ մանրամասներ` Ջրաշենի 13-ամյա երեխայի դեպքից
Ջրաշենի դպրոցում տեղի ունեցած դաժան միջադեպից հետո ծեծի ենթարկված 13-ամյա երեխայի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս պահին երեխան գտնվում է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ։
Դեպքի մանրամասների և երեխայի վիճակի մասին Oragir.News-ին պատմել է երեխայի հորաքույրը՝ Դարեջան Ալավերդյանը, որը զբաղվում է նրա խնամքով։
Նրա խոսքով՝ երեխան աստիճանաբար է գիտակցություն վերականգնում և դեռ ամբողջությամբ չի հիշում կատարվածը։
Դասամիջոց ա եղել, բայց դուռը ներսից փակել են, որ մուտք չգործի ոչ մի ուսուցիչ, որ չտեսնեն ինչ ա կատարվում ներսը։ Միայն էն պահին են եկել, որ արդեն երեխես գետնին ընկած էր, երեխուս արդեն ջարդուփշուր են արել իրենք։ Պահի տակ հիշում ա՝ ով ա, պահի տակ չի հիշում, որովհետև հիմնականում հարվածները գլխին են եղել»։
Հորաքրոջ փոխանցմամբ՝ երեխայի մոտ արձանագրվել են դեմքի և գլխի շրջանում կոտրվածքներ, և դեռ պարզ չէ՝ քանի փուլով վիրահատություն կպահանջվի։
«Էս պահին երեխու էպիկրիզը մեր ձեռքին է․ քթի միջնապատն են կոտրել, ակնապատի ստորին պատի կոտրվածք ձախից։ Բժիշկը ասել ա՝ մինչև այտուցը չիջնի, չեն կարող հասկանալ՝ որտեղից պետք ա սկսվի վիրահատությունը։ Մենակ ցավազրկող են նշանակել։ Ինքն ընդհանրապես չի կարողանում հաց ուտի, ծնոտը ցավեցնում ա։ Պահի տակ հարց եմ տալիս՝ չի արձագանքում, հետո նորից հետ ա գալիս։ Պահի տակ անջատվում ա, պահի տակ հետ ա գալիս երեխես»։
Դեպքի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է նաև երեխայի մոր հետ։ Նա նշում է, որ ծեծը տեղի է ունեցել դասամիջոցի ընթացքում և պնդում է՝ հիմնական հարվածողը հայտնի է։
«Դեպքն եղել ա դասամիջոցին, իմ երեխուն ծեծել են դասամիջոցին։ Ես իմ երեխուն վատ վիճակով հասցրել եմ հիվանդանոց։ Իմ երեխեն ունի գանգուղեղային խնդիր, ունի կոտրվածքներ, որի պատասխանը պետք ա տա անող մարդը՝ Էդիկը։ Իմ տղան հիվանդանոցում էլ, ոստիկանությունում էլ տվել ա Էդիկի անունը։ Իրանից բացի էլի կան, մենակ չէր կարա։ Բայց հիմնականում ինքն ա վնաս հասցրել։ Ինչ մնում ա դասատուներին, տնօրինությանը, ես շատ գոհ եմ, շատ հոգատար մարդիկ են»։
Դեպքի առնչությամբ առանց տեսախցիկի առկայության պարզաբանում է տվել նաև Ջրաշենի դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը։ Նա նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցի ընթացքում՝ շատ կարճ ժամանակահատվածում, երբ ուսուցիչը դուրս է եկել դասարանից, իսկ դասղեկը դեռ չէր հասցրել վերադառնալ հարկից։
Oragir.News-ի հետ զրույցում տնօրենը հայտնել է, որ դպրոցը անմիջապես արձագանքել է, տեղեկացրել է ծնողներին և շտապօգնություն կանչել։
«Դասամիջոցին է եղել․ 2-րդ դասաժամը ավարտվել է, ուսուցիչը դուրս է եկել դասարանից, և հենց այդ ժամանակահատվածում է եղել դեպքը։ Մինչև դասղեկը 2-րդ հարկից իջել է առաջին հարկ, մոտենա իր դասարան՝ ընդհանուր երևի րոպեուկես է տևել, այդ ընթացքում է պատահել։ Դասամիջոցի յուրաքանչյուր դասղեկ, անկախ հերթապահությունից, ներքին կարգապահական կանոնով մոտենում է իր դասարանին։
Դասղեկը տեսել է դեպքը, անմիջապես տեղեկացրել է ինձ, մենք տեղյակ ենք պահել ծնողներին, զանգել ենք պոլիկլինիկա, շտապօգնություն ենք կանչել, առաջին օգնությունն ենք կազմակերպել, հետո մնացած գործողությունները»։
Տնօրենը նաև անդրադարձել է հսկողության և պատասխանատվության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դպրոցում գործում է հերթապահության սահմանված կարգ, իսկ դեպքի հանգամանքները ներկայում քննվում են, ուստի մանրամասներ չի կարող հրապարակել։
«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել հարվածների, մասնակցության կամ այլ մանրամասների մասին, որովհետև գործը քննվում է, և չեմ ցանկանում որևէ սխալ տեղեկություն տարածել։ Մեզ վերագրվող՝ իբր թաքցնելու մասին խոսակցությունները նույնպես անհասկանալի են։ Եթե մենք անմիջապես զանգել ենք ծնողներին, պոլիկլինիկա, շտապօգնություն, երեխային ուղարկել ենք բուժօգնության, ապա որևէ բան թաքցնելու միտում չենք ունեցել։ Առաջինը երեխայի առողջությունն է եղել կարևոր»։
Դեպքի հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Մանրամասները Oragir.News-ի տեսանյութում



