«Երեխաները շատ բան են փոխել մեր կյանքում»․ Յուլյա Ֆինկի տարեդարձը Թբիլիսիում
«Երեխաները շատ բան են փոխել մեր կյանքում»․ Յուլյա Ֆինկի տարեդարձը Թբիլիսիում: Դերասանուհի Յուլյա Ֆինկն օրերս տոնել է ծննդյան տարեդարձը: Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան ժպիտով ասաց, որ մեկ տարի մեծանալու գաղափարն առաջին անգամ չի տխրեցրել իրեն: Ըստ դերասանուհու՝ դա կապված է մայրիկ դառնալու հետ, նա առաջին անգամ է տարեդարձը նշում այս կարգավիճակում։
«Ես չեմ սիրում մեծանալու ընթացքը, երբեք չեմ սիրել։ Ամեն տարի շատ էի նեղսրտում, ինձ դուր չէր գալիս միտքը, որ մեծանում եմ: Երբ մայրս շնորհավորում էր ինձ, հուզվում էի, բայց այս տարի այդպես չեղավ։ Երեխաները շատ բան են փոխել մեր կյանքում։ Այս տարի առհասարակ չեմ հիշել՝ քանի տարեկան եմ, չեմ կենտրոնացել դրա վրա, չեմ նեղվել, չեմ տխրել։
Անհամեմատ ավելի դրական եմ մոտեցել այդ երևույթին։ Էմոցիոնալ դաշտի տարբերությունը շատ զգացի։ Չնայած, որպես կին, ես սկսել եմ ինձ սիրել 30-ից հետո, ինձ ավելի շատ եմ դուր եկել, սակայն եղել են պահեր, երբ անչափ տխրել եմ, որ մեծանում եմ, իսկ հիմա անկախ բոլոր բարդություններից ինձ ակտիվ, ուժեղ եմ զգում, թվում է՝ երիտասարդանում եմ»,- ասաց դերասանուհին։
Յուլյան պատմեց, որ նախկինում շատ էր վախենում 30 տարեկանից, սակայն իր համար հաճելի բացահայտում է արել, որ 30-ից հետո կնոջ կյանքում սկսվում է անչափ հետաքրքիր շրջան։
«Մինչև 30 տարեկանս շատ էի վախենում ու մտածում՝ վերջ, ամեն ինչ ավարտվում է, ավարտվում են հետաքրքրությունները, գնում ես դեպի ծերություն։ 30-ս լրանալուց հետո հակառակը ստացվեց՝ եկավ գիտակցումը, որ կինն այդ շրջանում ավելի է գեղեցկանում։ Կարծում եմ, որ 30-ից հետո կնոջ կյանքում սկսվում է մի շրջան, երբ նա դառնում է իմաստուն, խելացի և շատ ավելի հետաքրքիր։ Հետո հասկացա, որ զուր եմ վախեցել 30-ից»,- ժպիտով ասաց դերասանուհին, որը հիմա էլ չի նշում իր տարիքը։
Յուլան ասաց, որ, նայելով իր նախկին կերպարներն ու լուսանկարները, հասկանում է, որ չնայած երիտասարդ էր, հիմա ունի արտաքին խնամվածության ու փայլի հետ յուրահատուկ զգացողություն։
«Այո՛, երիտասարդ էի, արտաքինի հետ կապված որևէ բանի կարիք չունեի, սակայն հիմա ամեն ինչ այլ է։ Թվում է, թե ներկայումս առավել խնամված եմ, ավելի հետաքրքիր թե՛ հագուստի, թե՛ արտաքնի տեսանկյունից։ Կարծում եմ, սա կապված է այն բանի հետ, որ երիտասարդ ժամանակ ամեն ինչին ավելի թեթև ես նայում՝ կարող է նորաձև ու ոճային հագնվես, բայց միևնույն է, ոչ այնպես, ինչպես 30-ից հետո»,- նշեց Յուլյան։
Դերասանուհու խոսքով՝ վերջին շրջանում ինքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում խնամքի միջոցներին․ «Տարիքի հետ փորձում ես անհամեմատ ավելի շատ խնամել ու հետևել քեզ, արդյունքում սկսում ես ավելի դուր գալ ինքդ քեզ: Շատ կանանց մոտ եմ զգացել դա: Երիտասարդ տարիքում շատ բաների մասին չես մտածում, մտածում ես մի շրթներկ կքսես և վերջ՝ արդեն գեղեցիկ ես, 30-ից հետո խնամքի բոլոր միջոցները սկսում են հետաքրքրել քեզ։ Ինչ-որ հետաքրքիր ու անբացատելի փայլ է գալիս կյանքի այս շրջանում»։
Դերասանուհին հավելեց, որ ինքը, անկախ ամեն ինչից, սիրում է բոլոր տոները՝ այդ թվում՝ իր տարեդարձը։ Տոնական օրը դերասանուհին այս տարի անցկացրել է Թբիլիսիում ամուսնու՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանի անակնկալ հրավերով։
«Տարեդարձս, որպես այդպիսին, չեմ նշել, առանձնահատուկ որևէ բան չեմ արել։ Ամուսինս ինձ հրավիրել էր Թբիլիսի, որտեղ երեք օր հանգստացանք ու նշեցինք տարեդարձս։ Շատ բուռն տարի ենք ունեցել երեխաների հետ և որոշեցինք, որ հանգստանալ է պետք։ Թբիլիսում երկուսով էինք՝ առանց երեխաների»,- ասաց Յուլյան։
Աղբյուր՝ tert.am