«Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ». Վարդան Հովսեփյանը` որդու ծննդից հետո ընտանեկան կյանքի մասին
Դերասան Վարդան Հովսեփյանի նորաստեղծ ընտանիքը երկու ամիս առաջ համալրվեց։ Փոքրիկ Մաքսն իր հետ նոր գույներ ու երջանկության նոր չափաբաժին բերեց ծնողներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդանը պատմեց փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո փոխված կյանքի ու խնամքի հարցում կնոջը հնարավորինս օգնելու մասին։
«Մեր կյանք եկավ մի մարդուկ, որը գերբնական ուժ է ինձ համար։ Գիտես, որ քեզնից մի հոգի էլ կա ու այս աշխարհում միակն է, որ իսկապես քոնն է։ Ուրիշինը չի եղել ու չի կարող լինել։ Դա աշխարհի ամենաուժեղ զգացողությունն է։ Ընկերներս հաճախ էին ասում, որ երեխան փոխում է կյանքը, ես դա հասկացա միայն որդուս ծննդից հետո։
Մաքսի հետ ամեն ինչ գունավորվել ու ավելի է սիրունացել։ Երբ ժպտում է աշխարհով մեկ ես լինում, լացում է, իրենից 10 անգամ ավելի ես նեղվում, ամբողջովին տրվում ես իրեն,– ասաց դերասանն ու նկատեց, որ հիմա իր առօրյան, կենսակերպն այլ ընթացք ունեն,
– Հասկացա, որ շատ բաներից պետք է կտրվեմ։ Եթե առաջ ես ու կինս մեր մասին էինք մտածում, հիմա ավելի շատ իրեն ենք տրվել։ Հաճախ մոռանում ես քո անձի մասին։ Հիմա խանութ մտնելիս առաջինը գնում եմ մանկական բաժին։ Մի բան, ինչի հանդեպ առաջ անտարբեր էի»։
Նորաթուխ հայրիկն ասում է, որ նախկինում ինքն ավելի էմոցիոնալ էր, հիմա ավելի հանգիստ է դարձել։ Նա փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել որդու հետ։ Երեխայի խնամքի հարցում էլ օգնում է կնոջն ու արժանանում նրա գովեստին.
«Ամեն ինչ էլ անում եմ, եթե պետք է, երեխայի տակդիրն էլ եմ փոխում։ Կինս նույնիսկ ասում է, որ շատ արագ եմ կարողանում անել այդ ամենը։ Ես չեմ վախենում նման բաներից։ Երեխան երկու ծնողինն է, երկուսով պետք է մեծացնեն նրան, ոչ թե ամեն ինչ թողնեն մայրիկի վրա։ Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ»։
Դերասանի խոսքով` երբ նկարահանման չի լինում, փորձում է ամբողջ ժամանակը երեխայի հետ անցկացնել։ Հայր ու որդի արդեն կարողանում են պայմանավորվել ինչ–որ հարցի շուրջ.
«Էրեբունի–Երևան տոնակատարություններին կեսօրից դրսում էինք։ Տանից դուրս գալուց առաջ խոսեցի իր հետ, ասացի` երկար ենք դրսում լինելու, քեզ տղավարի կպահես, երևի հասկացել էր: ) Անընդհատ սպասում էի, որ կլացի, որովհետև փոքր է, մի քանի ժամը մեկ ուտել է ուզում, իսկ դրսում պայմաններն ամենահարմարը չեն, բայց իրեն շատ լավ պահեց»։
Առհասարակ, Վարդանը հաճախ է խոսում որդու հետ։ Վստահ է` իր խոսքն ու էներգիան հասնում են փոքրիկին։ «Դեռ 50 օրական է, գուցե, լիարժեք չհասկանա` ինչ եմ ասում, բայց հավատում եմ, որ էներգիաս զգում է։ Երբ հանգիստ ես, ինքն էլ է հանգիստ, երբ նյարդայնացած ես, ինքն էլ է անհանգիստ դառնում»,– ասաց նա։
Անդրադառնալով կնոջ հետ հարաբերություններին` դերասանը նկատեց, որ որդու ծննդից հետո որևէ բան չի փոխվել։ «Մեր հարաբերությունները նույնն են, ուղղակի երկուսիս կյանքում նոր մարդ է ավելացել, որի համար ամեն ինչ անում ենք, ուզում ենք առողջ մեծանա, ճիշտ դաստիարակվի»,– եզրափակեց նա։