Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել
Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ ընթերցվեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսի ուղերձը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ես տեսնում եմ այստեղ ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում ենք, որ վտանգված է հայրենիքը, պետականությունը։
Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել եւ պահպանել է մեր մշակույթը, լեզուն եւ կրոնը։ Սրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորվել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր։
Առանց այդ արժեքների այսօր մենք չենք ունենա մեր տեղը աշխարհի եւ քաղաքական քարտեզի վրա, ուրեմն առավել քան կարեւորվում է մշակույթի, գիտության, կրթության, եւ եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությունը։ Սակայն, ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար, մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի, եւ օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ եւ հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը։
Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից եւ Արցախից այն՝ ինչ մնացել է, ապահով պետության եւ նրա կառավարման համակարգի կայունությունը զարգանա այդ տեմպերով եւ հիմքեր ստեղծենք կորցրածը վերականգնելու համար։
Սիրելի ներկաներ, վստահ եմ՝ գիտեք, թե որն է իմ նպատակը, երազանքը, ես իմ հայրենիքին տվել եմ ու շարունակում եմ տալ իմ պարտքը որպես Հայկական բանակի սպա։
Ես չեմ հետապնդում որեւէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական եւ այլ շահերից, եթե այդպիսիք կան, եւ բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք եւ գործենք։
Ես վստահ եմ՝ եթե մի ազգի ճանաչված եւ հեղինակավոր ներկայացուցիչներ միասնաբար ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձեւակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը, եւ համատեղ կոչով հանդես գան ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ձգողությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կձեւավորվի հսկայական մի ուժ, որի առջեւ չդիմանա եւ ոչ մի ապիկար իշխանություն։
Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին։ Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության եւ ժողովրդի ճակատագիրը, հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է եւ վախկոտ։
Նա հենց այդպիսի միասնությունից է վախենում, եթե ապավենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետեւանքը կլինի լիակատար կործանում»: