Մամուլ

Երբ Հարութի մարմինը բերեցին, ես մտածում էի՝ իմ վերջին հնարավորությունն է՝ իրեն վայելելու

Երբ Հարութի մարմինը բերեցին, ես մտածում էի՝ իմ վերջին հնարավորությունն է՝ իրեն վայելելու

Hraparak.am-ը գրում է․ Ռազմական բժիշկ Հարութն ու նրա կինը՝ Արմինեն, իրենց 28-ամյա կյանքի 14 տարին միմյանց հետ անցկացրին՝ իրար անգիր անելու, իրար սերտելու ճանապարհ:

Դպրոցական կյանք, Արմինեի սիրուն արժանանալու համար տարիների պայքար, ի վերջո՝ ընկերություն, ամուսնություն ու հնգամյա սիրուն ընտանիք՝ 4-ամյա Սառայի ու 5 ամսական Ռուբենի տասնապատկած երջանկությամբ:

«Հակասական զգացողություններ եմ ունենում. պահեր են լինում, երբ ինձ թվում է՝ կյանքը կանգ է առել, վե՛րջ, չեմ ապրում ուղղակի, մեկ էլ թվում է՝ մի երկնային ուժ է մեջս առաջացել, եւ Հարութն իմ մեջ է, ես ինքն եմ: Նույնիսկ սկսում եմ իր պես մտածել, իր պես խոսել:

Դա հիմնականում այն ժամանակ է լինում, երբ երեխաները կողքիս են: Ինձ թվում է, թե մեր ամբողջ ընտանիքն իր կազմով նստած է՝ առանց մաշեցնող բացակայի, եւ Հարութը ներկա է: Բայց երբ դուրս եմ գալիս տնից, ահավոր զգացողություններ եմ ունենում:

զինվորներ

Այն ժամանակ, երբ միասին դուրս էինք գալիս, կարծես աշխարհը փոքր էր ու իմ ձեռքերի մեջ: Ինձ աշխարհի տերն էի զգում: Իսկ հիմա ինձ թվում է՝ աշխարհն այնքան մեծ է, որ կուլ կտա ինձ…

Երբ երեխաներս կողքս են, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Ես աղջկաս մոտ չեմ արտասվում: Երբ իրենց հետ եմ լինում, մեջս ապրելու ցանկություն է առաջանում: Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ կյանքը կանգնել է, եւ ես միայն որպես Սառայի ու Ռուբենի մայր եմ ապրում… կանգնել է ու վերջ… Իսկ հիմա մտածում եմ, որ ոչ միայն երեխաներիս մայրն եմ, այլեւ հերոսի կին եմ ու չպիտի թույլ լինեմ:

Երբ մենակ եմ մնում, իր հետ եմ զրուցում, իմ տված հարցերին պատասխանում եմ, ինչպես ինքը կպատասխաներ, անընդհատ հարցնում եմ՝ ի՞նչ անեմ, ճի՞շտ եմ անում, սխա՞լ եմ անում… օրվա անցուդարձն եմ գրում իրեն՝ ինչ եմ արել, ինչ ապրումներ ունեմ: Իր ներկայությունն ամենուր եմ զգում, մտածում եմ, թե ինչպես, օրինակ, կժպտար ինչ-որ արարքս տեսնելիս, ինչ կմտածեր, կբարկանա՞ր, թե՞ ոչ:

Երեխաներին էլ անընդհատ պատմում եմ իր մասին… Սառային Հարութի մահից երկու օր անց բացատրել եմ, թե ինչ է տեղի ունեցել. պապան բարձրացել է վերեւ, Աստված իր մոտ է տարել, որովհետեւ շատ զինվորներ կան, որոնց պիտի ինքը բուժի: Եվ պապան վերեւից է մեզ հետեւում. լսում է մեզ, տեսնում է, թե ինչ ենք անում: Սկզբում անընդհատ հարցնում էր՝ բա ե՞րբ է իջնելու, ե՞րբ է զինվորներին բուժելու:

Հարութ Չոբանյան

Հետո, երբ տեսա, որ արդեն շատ է հարցեր տալիս, ասացի, որ էլ չի իջնելու, որովհետեւ զինվորները շատ-շատ են: Ասացի, որ տարիներ հետո մենք կբարձրանանք իր մոտ: Հիմա էլ այդ ուղղությամբ է սկսել մտածել, հարցնում է՝ բա տեսնես մենք ե՞րբ ենք բարձրանալու պապայի մոտ, ե՞րբ ենք իրեն տեսնելու: Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ հայրը չկա այլեւս:

Նույնիսկ տան անդամները երբ լացում են, ասում է՝ մի՛ լացեք, պապան տեսնում է ձեզ: Իսկ Ռուբենը 5 ամսական է, ու հիմա նկարի միջոցով ենք փորձում ծանոթացնել՝ տե՛ս, պապան է: Տղայի հետ Հարութը չհասցրեց շփվել, 2 ամսական էր, երբ սկսվեց պատերազմը… շատ եմ ափսոսում… 

Մենք իրար շատ էինք սիրում… երջանիկ էինք: Այս տարի Հարութն ընդունվեց օրդինատուրա, ու մենք շատ-շատ էինք ուրախացել, մտածում էինք՝ վերջ արդեն, մեր երջանկության երկրորդ փուլն է սկսվում, քանի որ մինչ այդ երեք տարի Հադրութում էինք եղել, Հարութին գործուղել էին այնտեղ: Ինքը Հադրութի զորամասի բժիշկն էր… շատ դժվարություններ, հետո՝ հիվանդություններ: Ծրագրում էինք՝ ինչպես ենք մեր հանգիստն անցկացնելու, ամեն շաբաթ-կիրակի ուր ենք գնալու…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել