«Երբ իմացա, որ Հայկ Մարությանն ինձ դատի է տվել, այնքա՜ն ուրախացա»․ Սոնա Աղեկյան
«Երբ իմացա, որ Հայկ Մարությանն ինձ դատի է տվել, այնքա՜ն ուրախացա»: Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:
«Երբ այդ մասին կարդացի, այնքա՜ն ուրախացա, որ ինքը մի քիչ էլ արժանապատվություն ունի, դա լավ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը՝ ընդգծելով՝ եթե Հայկ Մարությանն արժանապատվություն ունի, պետք է հրաժարվեր այն քվեից, որ նախորդ տարի երևանցիները տվեցին իրեն։
«Մարդիկ ասում էին, որ, եթե Նիկոլն է ասել, ապա «պոլի փետ» էլ լինի՝ ընտրելու ենք։ Այսինքն՝ մարդիկ քվեն տվեցին ոչ թե Հայկ Մարությանին, այլ այն «պոլի փետին», ում ասել էր Նիկոլը։ Արժանապատվություն ունեցող քաղաքապետը, առաջին հերթին, աղբահանության գործը պետք է այնպես աներ, որ որևէ մեկս իրավունք չունենայինք և անգամ չխոսեինք աղբահանության մասին, որը չի կատարվում։
Ինքն ունի բոլոր լծակները, բոլոր գումարները, ամեն ինչ այդ մարդուն տվել են, որ ինքը պատշաճ աղբահանություն կատարի, մինչդեռ այդ մարդը չի կարողանում ապահովել տարրական աղբահանությունը Երևան քաղաքում։ Աննախադեպ աղբի, կեղտի ու գարշահոտության մեջ է կորցրել մեր մայրաքաղաքը, դրա իրավունքը մենք իրեն չէինք տվել»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը։
Նա նշեց, որ երկու դատական հայցով էլ ինքն է դատի տվել քաղաքապետին՝ երևանցիների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու և Երևան քաղաքն իր անգործության պատճառով աղբի մեջ կորցնելու համար․
«Ես իրավունք ունեմ, ու որևէ մեկը չի կարող ինձ պարտավորեցնել, որ այդպես չմտածեմ։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ պարոն քաղաքապետը կամ «նախկին իշխանությունների» հետ, կամ «ՍանիՏեքի» հետ կոռուպցիոն գործարքների մեջ է և հենց այդ պատճառով չի կարողանում վերահսկել քաղաքում կատարվող աղբահանության և սանմաքրման մակարդակը»։
Սոնա Աղեկյանն ընդգծեց՝ շարունակելու է իր գործունեությունը․ «Ակցիաները ևս շարունակելու եմ, ոչինչ ինձ համար չի փոխվել։ Դրանից մի բան եմ հասկանում, որ այդ մարդն ուզում է խոսել արժանապատվության մասին, բայց իր արժանապատվությունն ավելի կարևոր չէ, քան բոլոր երևանցիների արժանապատվությունը, որն ինքը ոտնահարել է։
Իր գործունեության մյուս ոլորտներին էլ եմ անդրադառնալու, բնականաբար, բայց աղբահանությունն այսօր կարևոր է, որովհետև համաճարակի վտանգ ունենք, և Երևան քաղաքը կեղտի մեջ է ինքը թաղել՝ իր անգործությամբ։ Ինչի՞ մասին կարող է նա խոսել, ի՞նչ արժանապատվություն։ Եթե նա արժանապատվություն ունենար, «պոլի փետից» կտարբերվեր»։
Աղբյուր՝ 168.am