«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մասին
«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մասին
Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Լիլիթ Բադանյանը «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իր դերը դեբյուտային է համարում, քանի որ մինչև այս շարունակական կերպար չի ունեցել:
Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է հեռուստասերիալի, իր ճանապարհին հանդիպած բարդությունների, թատրոնում խաղալու և մասնագիտության հետ մեծ նպատակներ չկապելու մասին:
Լիլիթի խոսքով՝ ֆիլմերում և սերիալներում նկարահանման փորձ, որպես այդպիսին, չի ունեցել, նկարահանվել է, բայց շատ կարճատև կերպարներով: «Այս հեռուստասերիալն առաջինն է, որտեղ հանդես եմ գալիս հիմնական, շարունակական կերպարով: Մինչև այդ աշխատում էի «Իմացիր ավելին» նախագծում՝ որպես տնօրեն, Դիանա Գրիգորյանն ինձ ճանաչում էր, գիտեր, որ դերասանուհի եմ, մի փոքր ծանոթ էր նաև իմ դերասանական շնորհքին:
Երբ հեռուստասերիալի համար հայտարարված քաստինգի ժամանակ օգնում էի Դիանային կազմակերպչական հարցերով, նույնիսկ չգիտեի, որ ինքս էլ զբաղվածություն կունենամ նախագծում: Շատ ուրախացա, որ այսպես ստացվեց: Հիմա շարունակում եմ մնալ «Իմացիր ավելին» հաղորդման տնօրեն, բայց, երկրում տիրող իրավիճակով պայմանավորված այս պահին նկարահանումները դադարեցված են» ,- ասաց նա:
Ըստ երիտասարդ դերասանուհու՝ այն, ինչ իր կերպարը՝ Լեյլին է անում կյանքի հետ, Լիլիթը չէր անի: «Լեյլին անկազմակերպ, զգացմունքների հիման վրա քայլեր անող աղջիկ է, ով չի հասկանում, որ տղամարդուն կողքիդ երկար պահելու համար պետք է մի փոքր համբերատար լինել, մտածված քայլեր անել: Իր քայլերի արդյունքում նա դառնում է իր սիրելիի համար տհաճ կին, քանի որ ոչ մի տղամարդ չի սիրում այդքան խանդոտ, հիստերիկ կնոջ:
Չնայած այս ամենին՝ նրա քայլերն արդարացված են, որովհետև սիրում է Վանին: Ինքս բնավորությամբ շատ ավելի զուսպ, հպարտ եմ, ինքնասիրությունս շատ ավելի բարձր է, երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա:
Ինստագրամի իմ էջին հեռուստադիտողները, ի զարմանս ինձ, բավականին լավ հաղորդագրություններ են ուղարկում, արդարացնում կերպարս՝ մտածելով, որ ոչ թե սցենարիստը, այլ ես եմ որոշում Լեյլիի ճակատագիրը» ,- նշեց նա:
Լիլիթն անկեղծացավ, որ խաղալու ընթացքում նաև բարդություններ են լինում, առավել ևս, երբ աշխատանքին լրջությամբ է մոտենում: «Սերիալային տեմպը շատ արագ է և երբ ինչ-որ կտորում պետք է շատ էմոցիաներ ցույց տաս, նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ է: Այստեղ արդեն աշխատանքը բարդանում է, բազմիցս ասել եմ, որ սերիալում խաղալն ավելի բարդ է, քան ֆիլմում:
Դու պետք է ավելի ճկուն, մարզված լինես, որ որսաս պահը, կերպարի խաղի մեջ մտնես, բայց երբ սիրում ես աշխատանքդ, այն հաճույքով ես անում, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում: Նաև շատ են օգնում մեր ավելի փորձառու, ավագ գործընկերների խորհուրդները:
Նրանց փորձն այնքան մեծ է, որ խորհուրդները չլսելն ուղղակի հիմարություն կլինի: Այն ճանապարհը, որը նրանք վաղուց անցել են, մենք նոր ենք փոքրիկ քայլերով անցնում»,- ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում