Երասխում ավտովթարից մահացածները՝ 10-ամյա աղջիկ է և նրա 3 ամսական եղբայրը
Երասխում ավտովթարից մահացածները՝ 10-ամյա աղջիկ է և նրա 3 ամսական եղբայրը
Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ։
Փրկարարները «Mercedes»-ից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետը, ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալն ու ՊԾ գումարտակի հրամանատարը, ապա գումարտակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա և մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։