Ժամանց

Երազանքից՝ իրական բիզնես. ինչպես ընդամենը 12 օրում Մարիամը հաջողակ գործարար դարձավ

Երազանքից՝ իրական բիզնես. ինչպես ընդամենը 12 օրում Մարիամը հաջողակ գործարար դարձավ

Sputnik Արմենիան գրում է․ Երազանքից՝ իրական բիզնես. Մարիամ Մարտիրոսյանը երկու երեխաների մայր է և իր գործի գիտակ։ Նա մանկուց շատ է սիրել ծաղիկներ, սակայն նախկինում երբեք լրջորեն չի մտածել ծաղկի սրահ բացելու մասին։

Մի երեկո, ընտանեկան ընթրիքի ժամանակ, սեփական բիզնես ստեղծելու համար տարբեր գաղափարներ քննարկելիս, նա իմիջիայլոց ակնարկեց խանութ բացելու մասին։

Անսպասելիորեն Մարիամի ամուսինը` Ավետիսը, ոչ միայն չառարկեց, այլև ողջունեց կնոջ գաղափարը։ Նրա մի հայացքը բավական էր, որպեսզի Մարիամը որոշեր` պետք է անհապաղ միտքը կյանքի կոչել։

Կինը թողեց աշխատանքը և ընդամենը 12 օրվա ընթացքում լուծեց բոլոր բյուրոկրատական հարցերը, խանութի համար սրահ ընտրեց, վերանորոգեց այն, պատվիրեց կահույքը, առաքիչներ և ֆլորիստ գտավ ու մեկնարկեց գործը։

Ամենադժվարը խանութի համար անուն մտածելն էր, սակայն այդ հարցն էլ հանպատրաստից լուծվեց։

Աշխատանքային օրվանից հետո զույգը տուն էր վերադառնում և ճանապարհին տարբերակներ քննարկում։ Հանկարծ նրանք նայեցին միմյանց և միաբերան ասացին` «Ծաղկեփունջ»։

mariam martirosyan 2

«Ես ցանկացա, որ ներքին հարդարումը ֆրանսիական ոճով լինի, իսկ սրահում հնչեն Շառլ Ազնավուրի երգերը։ Ծաղկեփնջերն էլ մեզ մոտ համեստ են` քիչ խոտ, թուղթ և աքսեսուարներ, շատ` ծաղիկներ», – պատմում է Մարիամը։

Ոճը պահպանելու համար վերանվանեցին նաև տիրուհու սիրելի թութակին. նախկինում նա պարզապես կապիտան Ժորիկ էր, իսկ հիմա դարձավ մսյե Ժորժեմ։

Թեպետ, նրան դա դուր է գալիս, Ժորժեմի համար կարևորը ծաղիկների միջավայրում գտնվելն է։ Իր տիրուհու նման թութակն էլ սիրում է այս գործը։

Մարիամն արդեն հասցրել է սովորել ծաղկի բիզնեսի նրբությունները։ Գլխավոր սկզբունքը` ծաղիկները պետք է միշտ թարմ լինեն։ 

Նախկինում նա ամուսնու նվիրած ծաղկեփնջերը պահում էր նույնիսկ թառամելուց հետո, ոչ մի կերպ նրանցից բաժանվել չէր կարողանում, իսկ հիմա խանութում այդ հարցը շատ խիստ է դրված։

«Թոշնած ծաղիկները դեն ենք նետում, սակայն ես ֆլորիստ չեմ։ Տխրությամբ եմ նայում աղբամանում հայտնված ծաղիկներին», – խոստովանում է գործարար կինը։

mariam martirosyan 3

Նրան հաճախ զարմացնում են խանութի հաճախորդները, որոնց նա անվանում է «մեր ընկերները»։ Խանութը բացելուց հետո կնոջ մոտ վերացավ հասարակության շրջանում տարածված կարծրատիպը։

Մարիամն արդեն իր փորձով գիտի, և պնդում է, որ հայ տղամարդիկ հաճախ են կանանց ծաղիկներ նվիրում և անում են դա մեծ հաճույքով։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել