Մամուլ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հանդես եկավ հայտարարությամբ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հանդես եկավ հայտարարությամբ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ մի անձ հրկիզեց Ադրբեջանի դրոշը, ասված է ֆեդերացիայի հայտարարությունում:

Ֆեդերացիան «այս ծայրաստիճան լուրջ և ցավալի ժեստը համարում է հարձակում մարզական ազնիվ արժեքների և Արդար խաղի համընդհանուր սկզբունքների վրա»:

«Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան անմիջապես արձագանքեց այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեի նկատմամբ և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ այս մրցաշարի բոլոր մասնակիցների անվտանգության համար:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան մշտապես գտնվել է Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ՝ իր ամբողջական համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին», – ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, ֆեդերացիան համարում է, որ «այս միջադեպը մեկուսացված է, և կհետևի Կազմկոմիտեից հրատապ պահանջվող լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»:

Ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը «ստիպված է եղել լքել մրցույթը», ֆեդերացիան միաժամանակ նշում է, որ հարգում է այդ որոշումը։

«Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում, մինչև այն հեռացավ Հայաստանից», – ասված է հայտարարությունում:

Ֆեդերացիան խոստանում է մասնակցել այս առաջնության շրջանակում իրականացվող բոլոր գործողություններին «մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի ապահովվի թիմերի անվտանգության բոլոր պայմանների պահպանումը»:

«Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան համերաշխ է Ադրբեջանի հավաքականի և ֆեդերացիայի հետ ու հասանելի է ցանկացած աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և Արդար խաղի ոգով», – ասված է հայտարարությունում:

Կիսվել