Եվրախորհրդարանի հույն պատգամավորը ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի դրոշը
Եվրախորհրդարանի հույն պատգամավորը ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի դրոշը։
Yerkir.am-ը գրում է․ ԵԽ պատգամավոր հույն Իոաննիս Լագոսը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող ԵԽ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր «Հունական կղզիներում մարդկանց դրությունը» խորագրով զեկույցը, ելույթի ժամանակ ճղել է թուրքական դրոշը:
Եվրախորհրդարանի հույն պատգամավորը հայտարարեց, որ փախստականներն անընդհատ հարձակումներ են գործում և ապա հավելեց.
«Մյուս կողմից էլ կա Թուրքիան, որն անում է ամենը, ինչ ուզում է: Դեպի մեր երկիր փախստականների հոսք է գալիս: Ահա թուրքական դրոշը և ահա թե ինչ են անում դրա հետ՝ ճղում, գցում են: Արդեն պետք է սրան վերջ տանք»:
Դեպքին անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ով թվիթերյան իր էջում գրում է.
«Թե ինչպես են մեր փառահեղ դրոշի նկատմամբ գցված ձեռքերը կոտրվում, ծովում խեղդվում՝ ամենալավը այս ռասիստ գլուխները գիտեն: Եվրոպայի փչացած, ռասիստ երեխաները թող իմանան իրենց չափը: Եվրոպան արդեն պետք է ասի «Կանգնի՛ր» իսլամաֆոբիային և ռասիզմին:
Մեր դրոշը շարունակելու է ամենուրեք փառքով ծածանվել: Ակնկալում ենք, որ ԵԽ-ն այս ծաղրածուի վերաբերյալ անհրաժեշտ քայլերն անի», – նշել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ հույների և թուրքերի դարերից եկող թշնամությունը շարունակվում է ցօրս: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Թուրքիան շարունակ տարածքային (կղզիների) վեճ է ուենենում հույների հետ, Թուրքիայում երբեմնի հունական մեծաքանակ համայնքը բռնաճնշումների հետևանքով գրեթե վերացել է (այսօր հաշվվում է մոտ 1500 հույն):
Իսկ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները լարվել են մասնավորապես Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում իրականացվող ապօրինի հորատման և որոնողական (նավթագազային հանքերի) աշխատանքների պատճառով:
Տեսանյութը՝ ստորև