«Ես 60 տարեկան տղա եմ, երբեք գիշերային ակումբ չեմ գնացել»․ Սասուն Միքայելյան
Չեն փակում, ձևաչափը պիտի փոխվի, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր որդի՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի կայացրած՝ Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշմանը:
«Չեմ կարծում, թե բանը փակվելուն կհասնի։ Հրազդանը մեծ պրոբլեմների առաջ է կանգնել գիշերային ակումբների պատճառով։ Մարդիկ բողոքում են, որ դրանք մոտ են բնակավայրերին, աղմուկը խանգարում է», – նշեց նա։
Դիտարկմանը, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, Միքայելյանը չմանրամասնեց՝ նշելով, որ այն ձևաչափով, ինչպես դրանք հիմա գործում են, չեն կարող մնալ․ «Կարող են լինել ուղղակի ակումբներ, ուր մարդիկ գնան իրանց ժամանակն անցկացնեն»։
Հարցին՝ ինչո՞ւ է քաղաքապետը միջամտում գիշերային ակումբների գործերին, Միքայելյանն ասաց, որ դա ժողովրդի պահանջ է։ Ճշտող հարցին՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և նախկինում ի՞նչ ձևաչափով էին ակումբները գործում, որ այսօր անթույլատրելի է համարվում, պատգամավորն ասաց․ «Չգիտեմ, ես 60 տարեկան տղա եմ, երբեք գիշերային ակումբ չեմ գնացել»։
Աղբյուր՝ aysor.am