Ես և Արտյոմը հազվագյուտ հեռուստազույգերից ենք, որ չենք կռվել. Արմեն Վարդանյան
«Բեռնարդ շոու» ծրագրի հայտնի հաղորդավար, հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը, ում նախկինում ամենատարբեր ծրագրերի շրջանակում տեսնում էինք հեռուստաէկրաններին, տեւական ժամանակ է՝ եթերում չի երեւում:
Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ ստեղծագործական կյանքի այս փուլում զբաղված է սցենարներ հեղինակելով: Արմենը «Քիթ-քաթ», «Մեկը վերեւից» ներկայացումների սցենարի համահեղինակն է, «Գլամուրային չոբանները», «Խառը տոլմա» ներկայացումների սցենարի հեղինակը: «Ժողովուրդ»-ը հումորիստի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, հետկադրային տրամադրության, Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցելու հնարավորության, «7 ու կես» ներկայացման եւ այլ թեմաների շուրջ:
-Արմե՛ն, ինչո՞ւ էկրաններին չեք երեւում, առաջարկներ չե՞ք ստանում, թե՞ պարզապես նման ցանկություն չունեք:
-Ես հիմա հանդես եմ գալիս որպես սցենարիստ եւ պրոդյուսեր (թեպետ դեռեւս 1993-ից առաջին սթենդ-ափ շոուների սցենարի հեղինակն եմ եղել), աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով՝ միանգամից երեք նախագծի վրա: Ինձ մոտ հիմա, այսպես ասած, հետկադրային տրամադրություն է:
-Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցության հնարավորություն էլի կլինի՞, Դուք նման ցանկություն ունե՞ք:
-Միգուցե եւ լինի, ոչինչ չի բացառվում: Մենք այն հազվագյուտ հեռուստազույգերից ենք, որ իրար հետ չենք կռվել, խնդիր չունենք: Կարծում եմ՝ թթվածինը կհերիքի, որ կրկին եթերում լինենք, բայց պետք է, որ մեզ արվի անկեղծ առաջարկ՝ ժամանակի պահանջներին համապատասխան:
Նյութի աղբյուրը՝ armlur.am