«Ես վստահ եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ». Ալիևը՝ Զանգեզուրն անվանել է «պատմական հող»
«Ես վստահ եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ». Ալիևը՝ Զանգեզուրն անվանել է «պատմական հող»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Արցախի հայերին որեւէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցություններին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիանալի գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Ժամանակին մենք առաջարկում էինք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան տրամադրել, սակայն նրանք անընդհատ մերժում էին այդ տարբերակը:
Նրանք խոսում էին միայն «անկախության» մասին: Իսկ հիմա, երբ հակամարտությունը ետեւում է, նրանք ինքնավարության հարց են բարձրացնում: Բայց մեր օրակարգը չի ներառում նրանց որեւէ ինքնավարության տրամադրում»,- ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:
Նա կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտությունը համարում է ավարտված: «Հակամարտությունը լուծված է, սա իմ դիրքորոշումն է, իրականությունը ցույց է տալիս, որ այս դիրքորոշումը ճիշտ է: Հետեւաբար, ցանկացած հայտարարություն, որ հակամարտությունը չի լուծվել, ոչ միայն անտեղի է, այլեւ շատ վտանգավոր: Եթե հակամարտությունը լուծված չէ, ուրեմն թող ձեզ ասեն, թե ինչպես պետք է լուծվի…»:
Միաժամանակ, Ալիեւն ասել է, որ ինքը երբեք «որեւէ տարածքային պահանջ չի ունեցել Հայաստանի նկատմամբ», եւ անմիջապես Զանգեզուրն անվանել է «պատմական հող» ու «Ադրբեջանի անբաժանելի մաս»:
«Ես վստահ եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով: Եթե իրավիճակի կարգավորումից հետո խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, ինչո՞ւ չվերադառնալ: Սա մեր օրինական իրավունքն է»: