ՄամուլՔաղաքականություն

Ես ոստիկանություն դիմող տղա չեմ․ Վարդգես Հովակիմյան․ «Հրապարակ»

«Հրապարակին» թերթը գրում է․ «Քննչական մարմինները ամեն կերպ ձգձգում են նախկին ոստիկանապետ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընդդեմ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հաղորդման վերաբերյալ քննությունը: Քրեական գործ հարուցված չկա: Ալիկ Սարգսյանն ու Վարդգես Հովակիմյանը չեն առերեսվել: Մի քանի անգամ վարույթ իրականացնող մարմինը փոխվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ալիկ Սարգսյանը հայտնել էր ՀՔԾ-ում, որ Արարատի նախկին մարզպետը իրենից գումար է շորթում՝ 60 հազար դոլար, սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել, խնդրելով, որ քրեական գործ հարուցեն շորթման հատկանիշներով:

Մի քանի օրից անհասկանալի պատճառներով ՀՔԾ-ն գործը պաս էր տվել քննչական կոմիտեին: Մեկ շաբաթ մտածելուց հետո քննչականը գործը հետ էր ուղարկել ՀՔԾ: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Ալիկ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, որը գտնում է, որ քննչական մարմինները, հավանաբար, ֆուտբոլի առաջնության ազդեցության տակ են պասերը կատարում:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են նայել, ոգևորվել են, – ասում է նա, – ամեն դեպքում, սա իմ համոզմամբ, ՀՔԾ -ի իրավասության գործ է, այդ թվում նախկին պաշտոնյաների տեսակետից»:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետից պաշտպանվելով՝ Արարատի նախկին մարզպետը բացատրություն է տվել իրավապահներին, նշելով, որ այդ 60 հազար դոլարը ոչ թե ինքն է պահանջել Սարգսյանից, այլ 2012 թվականին նրան տված է եղել որպես կաշառք իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանությունում աշխատանքի ընդունելու դիմաց՝ ինչը Սարգսյանը չի կատարել, գումարը հետ չի տվել իրեն, և Հովակիմյանը ինքն է ստիպված վերադարձրել իր ծանոթի փողը:

Պետք է նկատել, որ նախկին մարզպետի և ոստիկանապետի միջև թշնամական հարաբերությունները վաղուց են ձևավորվել, պարբերաբար քրեական ընթացք են ստացել: Հովակիմյանը վստահ է, որ Ալիկ Սարգսյանն է այնպես արել, որ ինքը 2010 թվականին պաշտոնանկ արվի և մեղադրվի պաշտոնական լիազորությունների չարաշահման և կեղծիքի համար, որ Սարգսյանն է մեղավոր այն բանի համար, որ իր որդուն Սարգսյանին պատկանող ռեստորանում ծեծել են մի աղջկա ծաղիկներ նվիրելու համար, ապա գործ են հարուցել նրա դեմ:

«Մենք ունենք ապացույցներ» Հայկ Ալումյան Ինչո՞ւ են հիմա դիմել իրավապահներին: Հարցը ակտուալ է երկու կողմի համար էլ: ՀՀԿ-ական պատգամավորը վերջերս ԱԺ-ում պատասխանել էր «Ես մինչև հիմա լուրջ չեմ վերաբերվել, բայց տեսա, որ արդեն վարկաբեկում են, ես կորցնելու ոչինչ չունեմ»: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանում է. «Եթե որևիցե մեկից գումար են պահանջում որպեսզի իրեն վարկաբեկող տեղեկություններ չտարածեն, դա հենց քրեական օրենսգրքի 182 հոդվածն է՝ «Շորթում»:

Մենք ունենք ապացույցներ, Հովակիմյանի գրավոր սպառնալիքները, որ վարկաբեկիչ տեղեկություններ է տարածելու, և մեզ համար կանխատեսելի էր, որ միակ ելքը լինելու է այն, որ նա հիմա սկսի պնդել, որ չէ՝ ես իրոք կաշառք եմ տվել, ոչ թե շորթում եմ արել, այլ ընդամենը իրեն տված կաշառքն եմ հետ ուզել: Սա պաշտպանվելու եղանակ է»:

Վարդգես Հովակիմյանին հարցրինք՝ եթե ճիշտ է, որ դուք կաշառք եք տվել Ալիկ Սարգսյանին, և նա չի արել ձեր գործը, ձեզ կոպիտ ասած, «քցել է», ապա ինչու էիք սպասում, որ Ալիկ Սարգսյանը հաղորդում ներկայացնի քննչական մարմիններին, և նոր միայն դուք հայտնեք կաշառքի մասին:

«Ես ոստիկանություն դիմող տղա չեմ: Ի՞նչ հայտնեի: Ինչո՞ւ հայտնեի: Էն ժամանակ տե՞նց էր: Կաշառք էին տալիս, հայտնում էին, որ գործի չնստեի՞ն: ես համբերատար եմ: Իմ արմատները Քյավառից են, իմ պապերը Բայազեթից են եկել: Մենք ազգովի արժանապատվություն ունեցող անձնավորություն ենք: Իմ պապայիս հորեղբայրը 14 տարի սպասել է, իր թաք տղային սպանողին, 14 տարի հետո նրա երկու տղաների վիզը կտրել ա:

Ես նենց որ համբերատար եմ: Ես այս 8 տարիների ընթացքում իրեն նամակ եմ հղել, նախագահին նամակ եմ հղել: Մի անգամ չէ, 4 անգամ չէ: Եթե ինքը իմ տված որոշ նվերներ հետ ա վերադարձնում ու ասում ա, ես գումարը պատրաստ եմ տալու, կտամ, էսօր վաղը, էսօր վաղը: Ես ո՞ւր գնայի»:

Վարդգես Հովակիմյանը հիշեցրեց, որ ինքը մի քանի օր առաջ հրապարակել է Ալիկ Սարգսյանին պատկանող անշարժ գույքի ցուցակը: «Ինքը մոռացել է, ես 6 տարի կադաստրի աշխատող եմ եղել ու այդ կադաստրից շատ ինֆորմացիաներ ունեմ», – սպառնում է Վարդգես Հովակիմյանը»:

Ավելի մանրամասն՝ «Հրապարակին» թերթի այսօրվա համարում։

Կիսվել