Մամուլ

Ես մարտահրավեր եմ նետում Քոչարյանին և մյուսներին, թող կողմնակիցներով հավաքվեն և ցույց տան իրենց քանակը. Գագիկ Գինոսյան

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական կյանքի ներկայիս անցուդարձի մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Նա անդրադարձել է Հանրապետության հրապարակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած մեսիջներին, հանրապետականների դժգոհություններին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին առ այն, որ ինքը քաղհալածյալ է: Գագիկ Գինոսյանը հիշեցրել է՝ ինքը հենց Քոչարյանի նախագահ եղած ժամանակ քաղաքական մի հայտարարության հետ կապված հայտնվել է ԱԱԾ նկուղում, սակայն չի պնդում, թե քաղհալածյալ է եղել:

-Պարո՛ն Գինոսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը եւ Հանրապետության Հրապարակից մի շարք ուղերձներ հղեց: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք:

-Միանշանակ, այս 100 օրվա ընթացքում գրանցվել են էական փոփոխություններ, բայց եւ անելիքները շատ են: 100 օրը քիչ է հիմնարար փոփոխությունների համար:

-Հանրապետականները պնդում են, որ Փաշինյանը մատ թափ տվեց այլ կարծիք արտահայտողների վրա: Այդպե՞ս է:

-Այնպես չէ, որ իրենից առաջ մատ թափ չէին տալիս: Ով քծնող է, իշխանամետ ու կոմֆորմիստ, բոլոր ժամանակներում էլ այդպիսին է մնալու, իսկ ով տեսակ եւ սեփական տեսակետ ունի, մատ թափ տան, թե ոչ, նրան սաստել չեն կարող: Գուցե մատ թափ տալու միտում կար… Ամեն դեպքում ես չեմ կարող ասել, որ կար: Նիկոլ Փաշինյանը խիստ կեցվածք ունի, որովհետեւ շատերը կասկածի տակ են առնում բարեփոխումները: Իսկ այն, որ Հայաստանում իրավիճակ, բարոյական մթնոլորտ է փոխվել, ակնհայտ է: Գուցե պետք է խիստ խոսել, որ որեւէ մեկը դա կասկածի տակ չառնի:

-Փաշինյանը խոսեց անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների մասին եւ քննադատվեց սեփական իշխանությունը պահելու նպատակով նախորդ իշխանության ուղով գնալու համար: Ի՞նչ կասեք:

-Այն, որ մեր Սահմանադրությունն իդեալական չէ, կարծում եմ՝ բոլորի համար է ակնհայտ: Մենք միշտ ունեցել ենք ամեն նախագահի վրա «կարված» Սահմանադրություն: Ամեն նախագահ իր իշխանությունն ավելի հիմնարար դարձնելու համար իր փոփոխություններն է արել: Եթե բազկաթոռն ունեցել է 4 ոտք, 8-ն են սարքել, որ հանկարծ չընկնեն: Այնպես որ, ներկայիս Սահմանադրությունը լավագույնը չէ եւ «կարված է» վարչապետի վրայով՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ: Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, կարող է Սերժ Սարգսյանի ստեղծած Սահմանադրությունն օգտագործել եւ հավերժացնել իր իշխանությունը: Եթե դա պետք է կանխվի, փոփոխությունները ողջունելի են:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ նշեց, որ Փաշինյանի կողմնակիցներն ամենեւին էլ մեծամասնություն չեն կազմում: Նա նաեւ բազմաթիվ անգամներ նշել է, որ իր հանդեպ ներկայիս իշխանության կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում: Կցանկանայի այս առնչությամբ լսել Ձեր տեսակետը:

-Անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի օրոք հայտնվել եմ ԱԱԾ-ի նկուղում զուտ այն բանի համար, որ Ջավախքում հայ տղայի սպանության հետ կապված հայտարարություն եմ արել՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները անգործության են մատնված: Ինձ վրա գործ է «կարվել»: Բայց ես ոչ մի տեղ չեմ հայտարարել, որ իր օրոք քաղհալածյալ եմ եղել: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմնակիցների մեծամասնություն լինել-չլինելուն՝ որպես անկուսակցական եւ մեկը, ով ոչ մի իշխանության կողմնակից չի եղել, կարող եմ վստահաբար ասել, որ ժողովուրդը հավատում եւ սատարում է իրականացվող փոփոխություններին: Ես մարտահրավեր եմ նետում Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին, որոնք ասում են, թե ներկայիս իշխանությանը սատարողները մեծամասնություն չեն:

Թող իրենց կողմնակիցներով հավաքվեն մի տեղ եւ ցույց տան իրենց քանակը, թող ապացուցեն, որ իրենք են մեծ թիվ կազմում: Ես անձամբ ներկա կգտնվեմ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հրավիրած հանրահավաքին: Իրենք մոռացել են, որ նախորդ իշխանությունների օրոք դպրոցներից երեխաներին պարտադրաբար նախընտրական քարոզարշավների էին տանում: Եվ եթե ինձ պես մի ուսուցիչ ասում էր, որ դա անբարոյականություն է, լուրջ խնդիրներ էր ունենում: Ինքս էլ մեծ մտահոգություններ ունեմ ներկայիս կառավարության հետ կապված եւ չգիտեմ, թե վաղը ինչ կլինի, բայց գոնե այսօր չկա մեկ այլ ուժ, որը կարող է Փաշինյանի կողմնակիցների 10 տոկոսի չափով ժողովուրդ հավաքել հրապարակում:

Առավել մանրամասը՝ օրաթերթի համարում

Կիսվել