«Ես մարդ եմ, ով 9 տարի նախագահ է եղել, սակայն այժմ ոչինչ չունի». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին PalitraNews-ին հայտնել է, որ իր, ինչպես նաև իր հարազատների ողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված: Սաակաշվիլին չի թաքցրել, որ դա կապված է 2014թ. պետական միջոցների յուրացման համար իր դեմ հարուցված քրեական գործի հետ:
«Ես մարդ եմ, ով նախագահ է եղել գրեթե 9 տարի, սակայն այժմ ոչինչ չունի: Տասն անգամ ավելի քիչ կարողություն ունեմ, քան Բեսելիան ու Սեսիաշվիլին (Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ)՝ չնայած նրան, որ ինձ ճանաչում է ողջ աշխարհը»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նաև հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ Վրաստան և պաշտոն զբաղեցնել, այլ պարզապես աջակցում է Վրաստանի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:
«Մենք Վրաստանի պատմության մեջ ամենահաջողակ իշխանությունն էինք, սակայն այդ իշխանությունն այլևս չի վերադառնա: Ես երբեք չեմ վերադառնա Վրաստան և որևէ պաշտոն չեմ ցանկանում, պարզապես աջակցում եմ նրանց…Ես ունեմ փորձ, որը կփոխանցեմ այդ մարդկանց»,- հավելել է Վրաստանի նախկին նախագահը:
Բացի այդ, Սաակաշվիլին ասել է, որ ինքը քաղաքական գործիչ է, ում խոսքին հավատում են ողջ աշխարհում և տարածաշրջանում: