«Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում»․ Հայկ Մարտիրոսյան
«Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում»․ Հայկ Մարտիրոսյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Հայաստանի բժիշկների մի մասը ոչ միայն չի արել ամեն բան հասարակությանը ճիշտ պատրաստելու արհավիրքին, այլև արել է ճիշտ հակառակը` հիմարություններ է դուրս տվել և հատկապես սոցիալական հարթակներում` փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ և անգամ կարողացել է վարչապետին համոզել, որ ջերմությունը կորոնավիրուսի պարտադիր ախտանշան է:
Մեծամտաբար մասնագետ ներկայանալով` կոչ է արել հանգստանալ` նույնանալով խորհրդային ժամանակների հիմնական նպատակի` «պանիկա» չտարածելու բժիշկ-պետական պրոպագանդիստների հետ:
Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում: Ընդհակառակն` պարսավում եմ նրանց մի զգալի մասին և պնդում եմ, որ որոշ բացառություններով անշուշտ` Հայաստանի բժիշկների մեծ մասը գոնե մինչ այս պահն իրեն դրսևորել է որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու մեծամիտ մի զանգված, որը չարաշահելով չտեղեկացված հասարակության բնական վստահությունը` վտանգել է նրան:
Հիմա բժիշկները պարտավոր են կատարել իրենց աշխատանքը և ծառայել իրենց կոչմանը` ծառայություններ մատուցել ժողովրդին: Բժիշկ լինելը ոչ թե բարձր եկամուտներ ունենալու և բոլորին վերևից նայելու արտոնություն է` այլ հասարակությանն ու նրա անդամներին դժվարաբար ծառայելու բարձր կոչում:
Միայն երբ այս ճգնաժամն անցնի` կարելի կլինի գնահատել հայաստանյան իսկական նվիրյալ բժիշկների ու բուժաշխատողների աշխատանքը: Եվ այդպիսիք հաստատ կան: Բայց դեռ ժամանակը չէ: Անլուրջ շնորհակալությունների ժամանակը չէ` առավել ևս այն ֆոնին, երբ արդեն եղել են բժիշկներ, որ դավաճանել են իրենց կոչմանը` լինել պրոֆեսիոնալներ և մասնագիտաբար ծառայել հանրային առողջության շահերին»: