Շոու-բիզնես

«Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի․ ֆոտոշարք

«Ես իրականում էլ խանդոտ եմ»։ Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են։ «Ես խանդում եմ» երգի տեսահոլովակում նա իր երկրպագուներին կներկայանալ նորովի՝ շիկահեր աղջկա կերպարով։

Ռոզան Tert.am Life-ին պատմել է նոր աշխատանքի ու իր ոճափոխության մասին։ 

Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը։ «Ավետի հետ առաջին համագործակցությունս է։ Հետաքրքիր, ռիթմիկ ստեղծագործություն է, որը պատմում է խանդի մասին։ Իմ վերջին երգերը հիմնականում ռիթմիկ են եղել։ Ռիթմիկ կամ դանդաղ ստեղծագործությամբ ներկայանալու հստակ նպատակ չենք ունեցել, ուղղակի ունեինք երաժշտություն, որի հիման վրա գրվեցին բառերը»,-ասաց երգչուհին։

Ռոզա Ֆիլբերգ

Ռոզայի խոսքով՝ ստեղծագործությունը հետաքրքիր է․ «Լինելով ուրախ երգ՝ ինչ-որ բնական տխրություն ունի։ Կարծում եմ՝ բավականին զգացմունքային է ստացվել, Ավետն էլ հստակ պատկերացրել է՝ ինչի մասին եմ ուզում երգով պատմել։ Հուսամ՝ մարդկանց շատ դուր կգա։ Յուրաքանչյուր ոք, ով հարաբերություններ ունի կամ երբևէ ունեցել է, այս ստեղագործության մեջ իր հետ կապված ինչ-որ  բան կգտնի և կհասկանա՝ ինչի մասին եմ երգում,-ասաց երգչուհին և ծիծաղելով շարունակեց,- այո՛, ես իրականում էլ խանդոտ եմ»։

Երգչուհին դժվարացավ հստակ ասել, թե երբ կներկայացնի նոր տեսահոլովակը։ Տեսահոլովակն ունի գլխավոր հերոս, սակայն երգչուհին առայժմ չի  բացահայտում, թե ով է նա: Ըստ Ռոզայի՝ նրան տեսնելով՝ երկրպագուները հաճելի անակնկալի կգան։

Ռոզա Ֆիլբերգ

Տեսահոլովակում երգչուհին կներկայանա նոր կերպարով։ Ոճափոխության տեսանկյունից համարձակ երգչուհին ավելի վաղ կտրել էր վարսերը, հետո նա կրկին երկար մազերով ներկայացավ, իսկ հիմա շիկահեր աղջկա կերպարով է։

«Լինում են այնպիսի փուլեր, երբ ինչ-որ բան փոխելու ցանկություն է առաջանում։ Կարծում եմ, դա ինչ-որ չափով կապված է նաև տրամադրության հետ։ Բացի այս, մտածում եմ, որ արտիստը պետք է պատրաստ լինի փոփոխությունների։ Բեմի մարդու համար նորմալ է տարբեր լինելը»,-ասաց երգչուհին։

Ռոզա Ֆիլբերգ

Ռոզան նկատեց, որ երկրպագուներն իր ոճափոխություններին շատ բուռն են արձագանքում․ «Երբ մազերս կտրել էի, անընդհատ գրում էին, քննարկում։ Ինձ համար ուրախալի է, որ իմ երկրպագուներն անհանգստանում են, ուշադիր են իմ արտաքին փոփոխությունների հանդեպ։

Իմ բնական մազերը շագանակագույն են, իհարկե, բնականից լավը չկա, սակայն փոփոխություններ պետք են։  Տեսահոլովակում շիկահեր աղջկա կերպարը շատ համապատասխան է, հետաքրքիր է և թարմ։ Իհարկե, հոգով ես սևահեր եմ, սա ուղղակի է փոփոխություն ։  Արտաքին փոփոխությունները, երբեմն, կապված են  նաև ներաշխարհի հետ, սակայն այս դեպքում այդպես չէ»,- եզրափակեց նա։

Ռոզա Ֆիլբերգ

Աղբյուր՝ tert.am 

Կիսվել