Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի՝ տեսնենք՝ 4 տունը որտեղից. Հովհաննիսյանը՝ Թովմասյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց պատգամավոր Թագուհի Թովմասյանին ամեն օր սեռավարակի թեստ հանձնել՝ ի պատասխան վերջինիս հայտարարության, թե Հովհաննիսյանը պետք է ամեն օր թրմանյութի օգտագործման թեստ հանձնի:
«Ես Թագուհի Թովմասյանի ճեպազրույցի ընթացքում անցել և դիտողություն եմ արել՝ առաջարկելով բացատրել, թե ինչու՞ հանձնաժողովի նիստերին չի գալիս, ԱԺ նիստերին չի գալիս, ինչին ի պատասխան՝ տիկին Թովմասյանը նման անբարո բան է գրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թովմասյանի հրապարակային պահանջին:
«Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից հասարակ լրագրողի աշխատավարձով: Կհորդորեմ տիկին Թովմասյանին՝ բարոյականության սահմանը չանցնի, հանգիստ նստի իր տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով, փաստորեն, անբարո»,-հավելել է նա։
Նրա պնդմամբ՝ ինքը նախկինում ընդդիմադիր լրագրող է եղել, իր դեմ թմրամիջոցների անվան տակ փորձել են գործ սարքել, որը չի ստացվել, իսկ հիմա էլ փորձում են զրպարտել:
«Պրիմիտիվ զրպարտություն է, կմտածեմ՝ տիկին Թովմասյանի դեմ դատական հայց ներկայացնել-չներկայացնելու մասին, թեպետ՝ կարծում եմ՝ կբավարարվեմ այս պատասխանով»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։