Ես արդեն հինգ տարի է երեխա ունեմ և հասկանում եմ, թե ինչ ծանր է կրել երեխայի կորուստը․ Լևոն Քոչարյան
Բոլորի ելույթները լսելով շատ հուզվում եմ, ես ինքս արդեն հինգ տարի է երեխա ունեմ և հասկանում եմ, թե ինչ ծանր է կրել երեխայի կորուստը։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին Վերանքնիչ դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի մեկի զոհերի ծնողների՝ դատարանում ունեցած ելույթներին։
«Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել եւ կիսում եմ այդ մտահոգությունները, ջղայնությունը, սակայն միաժամանակ շատ ծնողներ, երեւի հուզական ֆոնի վրա ասում են՝ դե մեկը պետք է պատասխան տա»,– ասաց նա։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ ամեն ինչի համար պատասխանատուներ կան, այդ թվում հենց դատախազությունում.
«Դատախազները, որոնք բողոք են ներկայացրել, նոր չեն այս համակարգում, այդ ամեն ինչի համար կան պատասխանատուներ, բացի այդ մենք արդեն ելքային ինչ–որ դիրք ենք ընդունել, որ մարդիկ ինչ–որ բան են արել եւ իրենց ուզածն ուզում էին կոծկել։ Կամ նույն պարոն Քլոյանը հայտարարում է, որ 1000 հոգի սադրիչ է եղել, ասում են իրենց խանութը թալանել են, բայց իրենք չեն բողոքարկել, մարդկանց մոլորեցնում են»,–ասաց նա։
Նշենք, որ խոսքը Մարտյան իրադարձությունների ժամանակ «Ռոբերտո» հագուստի եւ կոշիկների խանութների ցանցիը թալանելու մասին է։ Լեւոն Քոչարյանի պնդմամբ՝ այս խանութի հետ երբեք իրենց ընտանիքը երբեք կապ չի ունեցել։
«Ռոբերտոն» մերը չէ, դա այն միֆական ցուցակի մեջ էլ էր գրած, երեւի մեր մեղքն էլ կա այնքանով, որ ժամանակին այդ մանիպուլացիաներին չենք պատասխանել»,–ասաց նա։
Անդրադառնալով Գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Քոչարյանին մեղսագրվող կաշառքի դրվագում կա փաստ, որ Ռոբերտ Քոչարանի որդու հաշվին 2007թ–ից 18 մլն դոլար է փոխանցվել, Լեւոն Քոչարյանն արձագանքեց.
«Դա իմ եղբոր հաշվի շարժի մասին է։ Շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը եւ խոսում է շատ ավելի ցածր գումարների մասին, սակայն դա որեւէ կերպ հաստատված փաստ չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում Քոչարյանի եւ մյուսների բողոքների քննությանը գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգսի Քլոյանը հայտարարել էր.
«Ռոբետ Քոչարյանն ասում է ես չեմ միջամտում դատական իշխանությանը, ճիշտ ես անում, բայց չէ՞ որ ձեր անձնական խանութը ջարդուփշուր արեցին եւ թալանեցին, ձեր տան անդամներից մեկը թող դիմեր դատարան»։
Աղբյուր՝ news.am