Ես անկախ իմ կամքից ոչ մի բան չեմ անում, ես ընդամենը կիսաքմծիծաղով մի բան էի ասել․ Նազենի Հովհաննիսյան․ «Հրապարակ»
Hraparak.am-ը զրուցել է դերասանուհի Նազենի Հովհաննսիյանի հետ:
– Նազենի, Ձեր գրառման մեջ լրագրողներին եք պիտակներ կպցրել, վիրավորել, քննադատել, Դուք ընդդիմադիր հայացքներ ունեք, բայց այդ գրառումով իշխանությունների ջրաղացին ջուր եք լցրել` փաստացի նույն գիծն եք տանում:
– Իշխանությունն ինչ գիծ ուզում է թող տանի, դա ինձ չի վերաբերում:
– Բայց Ձեր գրառումը նպաստում է նրանց վարած քաղաքականությանը` իշխանությունները տարբեր օրենսդրական փաթեթներով լռեցնում են մամուլը, թիրախավորում են մեզ` լրագրողներիս:
– Ես գրել եմ այն, ինչը հիմնված է փաստերի վրա, եթե համաձայն չեք, դա Ձեր անձնական գործն է: Ես չեմ նշել անուններ ու չեմ գրել, որ համատարած է այդպես, եթե ուշադիր են կարդում մարդիկ, ապա կտեսնեն, որ նշել եմ` որոշ: Դա նույնն է, որ ընդհանրական խոսում են մտավորականների մասին և ես դրանից ներվայնանամ, չէ, եթե մի բան ինձ չի վերաբերում, ուրեմն ինձ չի վերաբերում: Ինչո՞ւ ես պետք է դրանից նեղվեմ: Եթե Դուք Ձեր գործն անում եք լավ, ուրեմն անում եք լավ, ինչո՞ւ եք իմ ասածները Ձեր վրա վերցրել:
– Բոլորովին մեզ վրա չենք վերցրել, խնդիրն այլ է: Իշխանությունները փորձում են վարկաբեկել, լռեցնել մամուլը, արժեզրկել լրատվամիջոցների արածը, թերահավատություն սերմանել, իսկ նման գրառումները նպաստում են դրան:
– Դե պատկերացրեք ամեն օր Ձեր մասին տարբեր նյութեր գրեն, չճշտված, կիսաճշտված, ուղղակի այդ պահին հորինված և այլն, ինչպե՞ս կվարվեք, ի դեպ, եթե այդպես վարվեն հենց Ձեր կոլեգաները: Լավ, կարող եք տարիներով լռել, դրսևորել կոլեգիալություն, բայց մի գեղեցիկ օր, երբ Ձեզ վատություն անեն, տհաճություն պատճառեն, ստեղծեն գռեհիկ իրավիճակ, Դուք դարձյալ կռե՞ք, ինչքա՞ն:
– Իսկ ինչո՞վ էր տվյալ լրատվամիջոցը վիրավորել Ձեզ: Ընդամենը Ձեր խոսքից մեջբերում էր արել ու նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռացրել են Ձեզ, Այդտեղ ո՞րն է վիրավորանքը: Ի դեպ, նաև ձայնագրություն են հրապարակել, որտեղ Դուք իսկապես այդ մասին խոսում եք:
– Դա սխալ կառուցված նյութ էր: Ես ինչ-որ մեկի վատ կարծիքի հետ խնդիր չունեմ:
– Բայց այդտեղ ո՞րն էր վատ կարծիքը: Այդ հրապարակումը, կարծես, Ձեր օգտին էր, ոչ թե Ձեր դեմ:
– Չէ, դա չի կարող լինել իմ օգտին: Առհասարակ իմ օգտին չի կարող լինել մի բան, որը սենսացիոն գծով է գրվում: Դուք ինձնից լավ գիտեք, որ քչերն են պրոֆեսիոնալ լրագրողական էթիկա պահպանում: Առանց ճշտելու դրա իսկությունը, որոշ սունկ կայքեր տարածում են` ով ինչպես ուզում է, ինչ նկարով ու կոնտեքստով ուզում է: Ես իսկապես գտնում եմ, որ ոչ ես, ոչ էլ իմ երեք տարի առաջվա աշխատանքից ազատվելը, ընդհանրապես մեր ցավոտ իրականության մեջ այն թեման չեն, որ պետք է այսօր քննարկվի: Իմ բարկությունն այն մասին էր, որ դաշտը լցվում է անիմաստ բաներով, փոխարենն իսկապես անհրաժեշտ հարցերով զբաղվեն: Ես սա ասում եմ իբրև որպես քաղաքացի: Ես իմ անձի վրա ֆիքսված չեմ, ինչի՞ մասին են խոսում: Կապել ինձ լրագրողներին հարվածելու և իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու մեջ, ամենաքիչ բանն է, որ կարող էիք անել:
– Գուցե` անկախ Ձեր կամքից:
– Ես անկախ իմ կամքից ոչ մի բան չեմ անում: Ես ընդամենը կիսաքմծիծաղով մի բան էի ասել, բայց դա գրվեց իբրև նյութ, դա լրագրությո՞ւն է:
– Լրագրողը Ձեր ի՞նչն էր, որ հենց այնպես նրան ինչ-որ բան էիք պատմում:
– Դուք իսկապե՞ս կարծում եք, որ այս ծանր կացության մեջ, իմ երեք տարի առաջվա աշխատանքից ազատվելու հանգամանքը, տեխնիկական հարցը այդքան կարևոր էր, այդպես սուր ու ծակող ձևով գրելու համար:
– Իսկ ինչո՞ւ է Ձեր «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռացվելու մասին խոսվում միայն երեք տարի անց, ինչո՞ւ է այդ ամենը եղել ծածուկ:
– Ինչո՞ւ էր գաղտնիք, ես ամեն տեղ այդ մասին խոսել եմ ու դրա համար ես էլ եմ զարմացած:
– Հրապարակավ խոսե՞լ էիք այդ մասին: Համացանցում ոչինչ չգտա այդ մասին:
– Ես ամեն բան հրապարակավ խոսում եմ: