Մամուլ

Եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել․ 5 հոգով ուսուցչին ծեծել են

«Հրապարակ»-ը գրում է․ Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև։ Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը.

«Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել:

Միջամտել է, սաստել է, ասել է անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել:

Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», – ասում է դպրոցի տնօրենը: 

Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ:

770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար:

Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», – եզրափակեց դպրոցի տնօրենը: