Եկել է ժամանակը, որ ուս ուսի տված ազգովի իրականացնենք այն երազանքները, որոնք երազել ենք հազարամյակներով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց մի շարք հարցերի:
«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետեւյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետեւ կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում:
Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները եւ ովքեր Հայաստանից դուրս ապրողները:
Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, եւ ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետեւ քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ եւ գտնվելու վայր:
Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, եւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության եւ քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբեւէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետեւ Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է եւ բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է եւ բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք եւ վայելենք միասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը:
Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետեւյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, եւ այլեւս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային եւ այդ ժողովուրդն այլեւս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու եւ երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը եւ հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով:
Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլեւս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը եւ քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ եւ ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, եւ եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»: