Եթե Քոչարյանը մնաց կալանքի տակ, ուրեմն Հայաստանը ինքնուրույն գոյության որևէ իրավունք չունի
Ավետ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Եթե Քոչարյանը մնաց կալանքի տակ, ուրեմն Հայաստանը ինքնուրույն գոյության որևէ իրավունք չունի։
Վաղը դատարանը չի որոշելու, Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ, թե ոչ։ Վաղը որոշվելու է, թե իր համար ի՞նչ ճակատագիր է ընտրում Նիկոլ Փաշինյանը։
Ու, եթե դատարանը որոշեց, որ չնայած բոլոր միջնորդություններին, ի հեճուկս Ռուսաստանից եկող ազդակների, Քոչարյանը պիտի մնա կալանքում, ապա դա միայն մեկ ցավալի փաստ է նշանակում. Նիկոլ Փաշինյանն իր համար ընտրում է ամենաանփառունակ վախճանը։ Նիկոլն իր համար որոշել է, որ կաշխատի վարչապետ այնքան ժամանակ, մինչև իրեն ձերբակալեն։
Դա նշանակում է, որ Նիկոլը, ինչպես և Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն վեր դասեց և՛ Հայաստանից, և՛ հայությունից, ու որոշեց գրել ոչ թե հայ ժողովրդի, այլ սեփական պատմությունը, որքան էլ որ անշրջելի ողբերգական լինի դրա ակնհայտ վախճանը։
Եթե վաղը Քոչարյանը մնաց կալանքի տակ, անկախ նրանից, թե ոնց եք իրեն վերաբերում, ատում եք, ուզում եք նրա մահը, կախաղան, թե գնդակահարություն, եթե Քոչարյանը մնաց կալանքի տակ, ուրեմն Հայաստանը, որպես չափահաս ու գիտակից մարդկանց հանրություն, իրեն սպառել է և ինքնավերարտադրման, զարգացման և ինքնուրույն գոյության որևէ իրավունք չունի։
Վաղը վճռվելու է մեկ բան. Հայաստանը, որպես սուվերեն պետություն, որ ունի անցյալ, ներկա և ապագա, կլինի, թե ոչ»։