Շոու-բիզնես

Եթե Սերժ Սարգսյանը հետ գա և ինձ կանչի, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ. Արծրուն Չոբանյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն է: Մենք նրա հետ խոսել ենք իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, անդրադարձել ենք նաեւ քաղաքական թեմաների: Արծրունը նշել է, որ ներկայիս քաղաքական ուժերը որեւէ բանով առավել չեն Սերժ Սարգսյանից կամ նախկին այլ իշխանավորներից: Ու թեեւ Արծրունը պարոն Փաշինյանին հարգում է, կարծում է, որ նրա շրջապատում կան մարդիկ, որոնք խաչ են քաշում նրա ամբողջ արածի վրա:

-Արծրո՛ւն, Ձեզ մոտիվացնում է, յուրահատուկ տրամադրություն է հաղորդում արեւո՞տ, թե՞ անձրեւային եղանակը:

-Տաք եղանակը: Երբ անձրեւ է գալիս, չեմ ուզում տեղիցս վեր կենալ:

-Տնից դուրս գալիս միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել…

-Չկա նման բան: Միշտ ստուգում եմ գրպաններս, հետո եմ դուրս գալիս:

Artsrun Rita

-Դուք մուտք կգործեք քաղաքականություն, եթե…

-Եթե Սերժ Սարգսյանը հետ գա եւ ինձ կանչի, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ: Անկեղծ եմ ասում: Եթե դուք կարծում եք, որ ներկայիս քաղաքական ուժերն ինչ-որ բանով առավել են Սերժ Սարգսյանից կամ նախկինում եղածներից, ապա ես դրան չեմ հավատում: Նոր իշխանության կազմում մի քանիսը լավն են, ներառյալ վարչապետը, որին ես հարգում եմ, բայց նրա շուրջը կան «կենդանիներ», որոնք խաչ են քաշում իր ամբողջ արածի վրա: Այնպես չէ, որ ես նախկին իշխանությունից գոհ եմ եղել, նախկիններն այնպիսի մի աբսուրդի մեջ էին, որ նրանց լինելն ուղղակի աբսուրդ էր, բայց հիմա գրագետ, ազնիվ քաղաքական գործիչների կողքին նկատում եմ մի քանի զզվելի աբիժնիկների, որոնք իրենց վատ են պահում:

-Մենակությունից վախենու՞մ եք:

-Չէ, մենակ լավ է, կարող ես մի կենդանի պահել, եւ արդեն մենակ չես լինի: Եվ հետո` մենք երբեք մենակ չենք, Աստված մեզ հետ է (ծիծաղում է):

-Ձեզ ապշեցնում են մարդիկ, որոնք անպատասխանատո՞ւ են, թափթփվա՞ծ, թե՞ անտարբեր:

-Անտարբեր: Եթե մարդն այդպիսին է, իմաստ չկա նրա հետ շփվելու:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել