Մամուլ

Եթե պիտի հրաժարվեիր պայքարից, լավ կլիներ՝ դուրս գալուց առաջ մտածեիր․ «Հրապարակ»

Եթե պիտի հրաժարվեիր պայքարից, լավ կլիներ՝ դուրս գալուց առաջ մտածեիր

«Հրապարակ» թերթը գրում է. Զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին, դատարանը երեկ դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։

Իսկ մինչ այդ Գայանե Հակոբյանը հերթական անգամ հրաժարվեց փաստաբանների ծառայություններից, դատարանին խնդրեց արագացված դատաքննություն իրականացնել, ընդունեց մեղքը եւ զղջաց։ 

Տուժող կողմը, այսինքն՝ իշխանությունները, սրանով բավարարվեցին եւ իրենց կամքը կատարող դատավորին հրահանգեցին՝ նույն օրը եւեթ դատավճիռ կայացնել եւ Գայանե Հակոբյանին ազատ արձակել։

Ըստ այդմ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, եւ դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։

Հաշվակցելով Հակոբյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով: «Հրապարակը» զրուցել է արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մոր` Նաիրա Մելիքյանի հետ:

– Դատարանի այս վճիռն ի՞նչ է իրենից ներկայացնում, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանություններն այս ձեւով շանտաժի են ենթարկում պայքարի դուրս եկած զոհված զինծառայողների ծնողներին, ստիպում նահանջել, գործարքի գնալ իրենց հետ:

– Այո, սա հենց շանտաժ է, առանց չակերտների՝ շանտաժ: Սպասելի էր՝ կա՛մ պետք է բանտ գնար, կա՛մ վերահսկողության ներքո մնար ազատության մեջ:

Եթե Գայանե Հակոբյանն այդպես որոշեց, դա իր ընտրությունն է, ես ասելու բան չունեմ, հավանաբար, եղել են ահռելի ճնշումներ, այսօր կեսօրին էլ նա իր նոր փաստաբանական թիմից հրաժարվեց, բայց չեմ կարծում, թե դա պետք է տարածվի ծնողական համայնքի վրա:

Եթե տիկին Գայանեին պայքարից հանում են, դա չի նշանակում, որ մյուսներս հետ ենք կանգնելու պայքարից: Եթե պայքարի դաշտ ես մտնում, պետք է հասկանաս՝ ուր ես մտել ու ինչ «երկաթների» վրայով ես քայլելու:

Եթե պիտի հրաժարվեիր պայքարից, ավելի լավ կլիներ, որ պայքարի դուրս գալուց առաջ մի քանի անգամ մտածեիր՝ ինչի մեջ ես մտնում: Ցավալի է, շատ ցավալի: Զոհվածների ծնողներին ինչ-որ կերպ փորձեցին արժեզրկել՝ հեղինակության հետ կապված շահարկումներ անելով:

– Պայքարի մեջ մտնող մարդը պե՞տք է արդյոք վախենա ազատազրկումից ու ճնշումներից:

– Բոլորը չէ, որ գիտակցում են՝ ինչ է պայքարը, եւ ինչի մեջ են մտնում: Բոլորը չէ, որ այս իշխանությունների սրբապղծության աստիճանը պատկերացնում են: Աստիճանաբար մենք ամեն օր տեսնում ենք, թե սրանք ինչերի են ընդունակ:

Գուցե կան մարդիկ, որոնք շատ են ուզում մի լավ բան արած լինել, սակայն ամեն մարդ պետք է գիտակցի, թե ինչի մեջ է մտնում, հասկանա իր ուժերի չափն ու հնարավորությունները:

Տարբեր սցենարներ կարող են լինել, պայքարող մարդը պետք է ամեն ինչ հաշվարկի, որպեսզի ո՛չ իր համար գլխացավանքներ ստեղծի, ո՛չ էլ ծնողական համայնքի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել