«Եթե պարզվի, որ մեղավոր եմ, ուրեմն ցմահն ինձ քիչ է, գնդակահարե՛ք»․ ցմահ դատապարտյալի բաց նամակը՝ Փաշինյանին
«Եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ուրեմն՝ ցմահն ինձ քիչ է, գնդակահարե՛ք»։ Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորպես ասվում է.
«Հարգելի Պարոն Փաշինյան,
ես՝ Արթուր Քոչարյանս, ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո արդեն երրորդ անգամ եմ դիմում Ձեզ՝ բարձրաձայնելով մի խնդրի մասին, որն ունի 15 տարվա վաղեմություն և եթե այդ խնդրի դեմը չառնենք, Դուք և բոլորս, համոզված եմ, որ խնդիրը կունենա շարունակություն։ Խնդիրը վերաբերում է բանակում կատարված հանցագործություններին։
Ես՝ Արթուր Քոչարյանս, արդեն 15 տարի է դատապարտված եմ ցմահ ազատազրկման՝ իմ չկատարած հանցանքի համար, շուրջ 15 տարի է տարբեր մեթոդներով բարձրաձայնում եմ, որ ինձ մեղսագրված արարքի հետ ես ոչ մի աղերս չունեմ։ Սա ես ասում եմ ոչ միայն որպես անմեղ մարդ, այլ այդ մասին վկայում են քրեական գործի փաստերը, որ ես անմեղ եմ։
Քրգործում չկա ոչ մի ապացույց, որը կհաստատի իմ մեղավորությունը, չկա ոչ մի վկա, ոչ մի շարժառիթ և ոչ մի հանգամանք։ Կա ընդհամենը մեկ զրպարտչական ցուցմունք, որը հերքվում է բազմաթիվ փորձաքննությունների և եզրակացությունների կողմից։ Այսինքն ստացվում է, որ ինձ մեղավոր ճանաչելու համար հաշվի էին առնվել ոչ թե փաստերը, կամ փորձաքննությունների եզրակացությունները, այլ՝ մեկ զրպարտչական ցուցմունքը, որը հակասում է փորձագետների եզրակացություններին։
Հարգելի Պարոն Փաշինյան, քաջ գիտակցում եմ, որ շուրջ 25 տարի երկրի առաջ ծառացած խնդիրները չեն լուծվի մեկ կամ երկու տարում, բայց այս խնդիրն իր առանցքային դերն ունի, քանի որ անմիջական կապ ունի մեր բանակի հետ։ Ես ևս եղել եմ հարյուր հազարավորների նման զինծառայող, սակայն ես ևս եղել եմ այն քչերից, որոնք չեն զորացրվել անհասկանալի պատճառով։
Հարգելի Պարոն Փաշինյան, օր օրի գնալով ավելի է մեծանում անտարբերության հանդեպ բողոքը, որը 21-րդ դարի չարիքն է դարձել «անտարբերությունը», որը բերում է ավելի մեծ չարիքի։ Շատ լավ հասկանում եմ, թե ինչքան բարդ է խնդիրը, որի մեջ հայտնվել ենք մենք, դուք և շատ ու շատ մարդիկ, բայց հավատացեք՝ քանի դեռ ՀՀ զինված ուժերում կատարված հանցագործությունների համար պատասխան չի տալիս և չի տա իրական հանցագործը, այնքան կշարունակվեն նման դեպքերը։ ՀՀ նախկին իշխանություններն ամեն ինչ արել են, որ բանակում կատարված հանցագործությունների իրական մեղավորները ինչ-ինչ շահերով մնան անպատիժ։ Քանի այս արատավոր սովորության դեմը չի առնվել՝ այն կշարունակվի։
Հարգելի պարոն Փաշինյան, դիմում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր հանձնարարականով ստեղծվի բանակում կատարված սպանությունները քննող անկախ հանձնաժողով, որտեղ չեն ներառվի քննիչներ և դատախազներ և նմանատիպ բոլոր քրգործերը և արդյունքները կզեկուցվեն անձամբ Ձեզ։
Բացառեք քննիչ դատախազների գործը այդ հանձնաժողովում, որպեսզի ուսումնասիրության արդյունքները չկեղծվեն և Ձեզ չներկայացվեն կեղծ տեղեկություններ, որ վերջապես այս արտասովոր երևույթը վերանա թե՛ պետական, և թե՛ ստորին մարմիններում։ Հուսով եմ, չեք մերժի անմեղ ցմահ դատապարտյալիս խնդրանքը և կվերականգնեք արդարությունը մեր երկրում, որը սպասված է։
Վերջում ուզում եմ ավելացնել. եթե այս քրեական գործի վերանայման արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, ուրեմն՝ ցմահն ինձ քիչ է, գնդակահարե՛ք»։