Մամուլ

Եթե հայրական տանը աղջիկը ապահով է, պատճառ չունի շուտ գնալու. ՀՀ-ում անչափահասները հնարավոր է՝ չկարողանան ամուսնանալ

Եթե հայրական տանը աղջիկը ապահով է, պատճառ չունի շուտ գնալու. ՀՀ-ում անչափահասները հնարավոր է՝ չկարողանան ամուսնանալ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատրելի տարիքային շեմը։

Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18-ն է, բացառիկ դեպքերում թույլատրվում է ամուսնանալ 16, 17 տարեկանում: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերացնել բացառությունները և առհասարակ թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում դեռահասների շրջանում վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրը իսկապես շատ լուրջ է։ Նա նկատում է, որ 14 տարեկանից սկսած ամուսնությունը հանդիպում է ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաև հայերի շրջանում:

Հովհաննիսյանի խոսքով՝ վաղ ամուսնության համար տարբեր պատճառներ կարող են լինել: Լինում է, երբ ծնողներն են որոշում, որ իրենց երեխայի համար լավագույն տարբերակը ամուսնությունն է, լինում է նաև, որ դեռահասն է որոշում փախչել չափահաս տղամարդու հետ։

«Ստիպված ամուսնության դեպքեր ևս լինում են։ Օրինակ՝ հնարավոր է, որ անչափահաս աղջիկը փախուստի է դիմում միայն այն պատճառով, երբ ընտանիքում ծնողների կողմից ենթարկվում է բռնության, և այդ միջավայրից դուրս գալու միակ ելքը տեսնում է ամուսնության մեջ, սակայն նման դեպքերում հայտնվում է ավելի վատ դրության մեջ։

Ընդհանրապես, բռնությունը էական նշանակություն ունի․ եթե հայրական ընտանիքում երեխան ապրում է ապահով, նա որևէ պատճառ չի ունենում շուտ հեռանալու տնից։ Կան ընտանիքներ, որտեղ որոշումը մեծահասակներն են կայացնում, դա էլ է համարվում բռնություն երեխայի նկատմամբ»,- ասում է նա։

Վերջինս հայտնում է, որ տարբեր տարիների եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ բռնության ենթարկված կնոջ պատմությունը վաղ ամուսնության շրջանում է եղել:

Հովհաննիսյանն ասում է, որ այս տարի ևս դեպքեր են եղել, երբ անգամ անչափահաս երեխաներն են դիմել Կանանց աջակցության կենտրոն․ մի դեպքում 16 տարեկան երեխան ամուսնացած է եղել ու փախել է բռնությունից, մյուսում անչափահասն ահազանգել է, որ առանց իր համաձայնության իրեն ստիպում են ամուսնանալ։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դեռահասը ահազանգել է, որ իրեն հետապնդում են՝ առևանգելու և ստիպողաբար ամուսնացնելու միտումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել