Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության եւ ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները։
Մահացածների մարմինները պահվում են հատուկ սառնարաններում, որոնք առկա են դիահերձարաններում։ Նման սառնարաններ կան առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության եւ ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի բոլոր հանրապետական աղաքային եւ շրջանային մասնաճյուղերում։ Սառնարանների ջերմաստիճանը կարգավորվում է անձնակազմի կողմից։
Բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ կանգնեցնել մարմինների քայքայման գործընթացը. նրանք միայն կարողանում են որոշ չափով դանդաղեցնել այն։ Երբեմն այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագործել այլ լրացուցիչ միջոցներ՝ դիակը ֆորմալինով ֆիքսել եւ այլն»,- նշել է նա։
Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռեւս չի հաջողվում տեղափոխել։