Եթե ծայրահեղ ծանր վիճակում 17 հիվանդ կա, իսկ ծանր վիճակում գտնվողները 59-ն են, ինչու է միայն 6 հիվանդ միացած արհեստական շնչող սարքերին
Եթե ծայրահեղ ծանր վիճակում 17 հիվանդ կա, իսկ ծանր վիճակում գտնվողները 59-ն են, ինչու է միայն 6 հիվանդ միացած արհեստական շնչող սարքերին
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցն ասաց, որ Հայաստանի համար դեպքերի այս քանակը չափազանց շատ է մեկ օրվա համար, սակայն ռեկորդային այս ցուցանիշն իրեն չի զարմացնում։
«Մեկ շաբաթ առաջ էր չէ, որ առողջապահության նախարարը հայտարարեց, որ վիճակն անկառավարելի է, եթե ինքը բաց ասում է, որ իրավճակը կառավարելի չէ, իսկ վարչապետն իրեն չի ասում, բա դու ի՞նչ ես անում, որ վիճակն անկառավարելի է, ապա հենց այսպես էլ պետք է լինի։
Իմ կարծիքով, սխալն ամենասկզբում էր, երբ դեռ հունվարից պարզ էր, թե ինչ է կատարվում ողջ աշխարհում, իսկ մեր նախարարն ասում էր՝ սովորական գրիպ է էլի։ Գրիպից գիտե՞ք որքան մարդ է մահանում։ Նախարարն իրավունք չունի նման բան ասել, ամեն մահ, դա մարդու մահ է։ Այս ցուցանիշն էլ այն ժամանակվա ուշացման հետևանք է»,-ասաց նա։
Նա նշեց, որ հիվանդացության դեպքերի աննախադեպ աճը կարող է պայմանավորված լինել թեստերի քանակի ավելացմամբ։ «Գուցե սկսել են հիմա թեստավորումները շատացնել, դրա համար է թիվը այդպես ավելացել։ Մյուս կողմից էլ մարդիկի հոգնել են և իրականում կարանտինը առանձնապես չի պահպանվում։
Փողոցներում մարդիկ արդեն գրկախառնված քայլում են։ Օրինակ, խանութներում կուտակումները շատ են, հսկել է պետք, որ 5-10 հոգուց ավելի մարդ չմտնի խանութներ։ Ոստիկան էլ չկա քաղաքում, քանի անգամ դուրս եմ եկել ու որևէ ոստիկանի չեմ հանդիպել»։
Նախկին նախարարն անդրադարձավ նաև այսօր կառավարությունում հնչեցրած թվերին, որ արհեստական շնչառական սարքերին ընդամենը 6 հիվանդ է միացված, ծայրահեղ ծանր վիճակում 17 հիվանդ կա, իսկ ծանր վիճակում գտնվողները 59-ն են։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է 6 հիվանդ միացված արհեստական շնչառական սարքերին, եթե 17 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է ինչու այդ 17-ը և ծանր վիճակում գտնվողները միացված չեն արհեստական շնչառական սարքերի։ Եթե ծայրահեղ ծանր վիճակում են, ի՞նչ է՝ անպայման պետք է մահանա՞ն»։