Եթե ինձ մնար` տրանսպորտը կթանկանար ավելի շատ. Անի Խաչատրյան. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձի միջոցով հայտարարեց, որ հանրային տրանսպորտի գինը վերանայվել է` դարձել է 150 դրամ` 300 դրամի փոխարեն: Սա փաստացի Ավինյանի երկրորդ հետքայլն է` տրանսպորտի սակագնի բարձրացման հարցում: Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:
– Տիկին Խաչատրյան, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները` «Հանրապետություն» խմբակցության հետ միասին անմտածված քայլեր են անում, չհիմնավորված թանկացումների գնում: Դրա վառ ապացույցը Ավինյանի երկրորդ հետքայլն էր: Ստացվում է, որ ոչ մի հաշվարկ չե՞ք անում` նման կտրուկ թանկացումից առաջ:
– Ոչ, բնականաբար այդպես չէ, հաշվարկներ արվում են ու դրանք կան, մենք ասել ենք, որ Երևանի կողմից արվող դոտացիաների հաշվին է, որ նման զիջումներ են արվում: Այսինքն` մենք շարունակելու ենք քաղաքային բյուջեից գումար տրամադրել ավտոբուսների համար, քաղաքացիների անհանգստությունների պատճառով: Բայց այնպես չէ, որ նահանջ է ու մենք մեր նախնական ասածներից հետ ենք կանգնել, ոչ, բացարձակ: Ուղղակի առաջարկվում են փաթեթներ ու 150 դրամ:
– Դե, այնպես չէ, որ Երևան քաղաքի բյուջեն ինչ-որ մեկն իր հայրական տնից օժիտ է բերել, դա էլ է քաղաքացիների հարկերի հաշվին գոյանում: Ի դեպ` ո՞վ է հաշվարկներ անո՞ւմ:
– Հաշվարկներն արվում են համապատասխան բաժինների ու վարչությունների կողմից, հաշվարկներ արվել են, ֆինանսները մեզ է ներկայացնում, ինչից հետո մենք էլ մեր մասնագիտական հանձնաժողովներում քննարկում ենք այդ հարցերը:
– Մարդիկ 150 դրամից էլ են դժգոհ, այդ հավելյալ 50 դրամից է՞լ գուցե հետ կանգնեք:
– Գիտեք ինչ, ես 300 դրամի, ներողություն, երեք անգամյայի կողմնակից եմ, ու ես ինքս հետ չէի կանգնի թանկացումից, բայց մեզ մոտ որոշումները մեծամասնությունն է կայացնում, եթե ինձ մնար` կթանկանար տրանսպորտը ավելի շատ:
– Այսինքն` վախենո՞ւմ եք, որ դա կազդի իշխանության վարկանիշի վրա, դրա համար որոշեցիք մեղմացնել թանկացո՞ւմը:
– Ոչ, ուղղակի տեսանք, որ հասարակության կողմից այս հարցը շատ է քննարկվում, լսեցինք այլ առաջարկներ: