Եթե Դադիվանքն այսօր մեր հոգևոր ենթակայության տակ չլիներ, նույնն էլ Դադիվանքի հետ կանեին. Արցախի թեմի առաջնորդ
Եթե Դադիվանքն այսօր մեր հոգևոր ենթակայության տակ չլիներ, նույնն էլ Դադիվանքի հետ կանեին. Արցախի թեմի առաջնորդ
168.am-ը գրում է․ Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին հայկական գրավված տարածքներում լծվել է հայկական հետքը վերացնելու գործին։
Մինչ Հայաստանում իշխող վերնախավը խաղաղասիրական մղումներ է դրսևորում թշնամու նկատմամբ և ժողովրդին կոչ անում, թե վերջ պետք է տրվի թշնամանքին և խաղաղ պետք է ապրել, թշնամին Արցախում հիմնահատակ ավերում է եկեղեցիները։
Շուշիի «Կանաչ ժամը» ոչնչացնելուց հետո, թշնամին հիմնահատակ ոչնչացրել է նաև Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ի դեպ, հայկական մշակույթի ոչնչացման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի նախագահի անմիջական հսկողության տակ, քանի որ վերջինս այցելելով Ադրբեջանի կողմից Արցախի գրավված տարածքներ, մշտապես կոչ է անում վերացնել հայկական եկեղեցիների, մշակութային հուշարձանների արձանագրությունները՝ որակելով, թե իբր այդ եկեղեցիներն «աղվանական» են։
168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան ասաց, որ Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որպես բանակի նախկին հոգևոր առաջնորդ՝ օծել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։ Եկեղեցին նախատեսված էր զինվորների ու սպաների հոգևոր խնամքի համար, այն կառուցել էր Մեխակավանի գնդերեցը։ Եկեղեցին պատկանում էր Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը։
«Բոլորս էլ այդ երևույթը խիստ դատապարտում ենք, սակայն միայն դատապարտելը շատ քիչ է։ Հիմա բոլորն էլ նման երևույթները բնորոշում են՝ որպես վանդալիզմ, մշակույթ չսիրողի արարք, հազար ձևի տերմիններ կարելի է օգտագործել, և պատմություննե էլ լիքն է նման երևույթներով, երբ մեր հայրերը բնութագրել են այդ վայրագությունները։
Այստեղ պետք է ճիշտ և նպատակային, համախմբված աշխատանք, որ այլևս թույլ չտանք նման բաներ։
Միայն չդատապարտենք ու ասենք՝ վայ-վայ, այս ի՜նչ արեցին, այլ ճիշտ քայլեր անենք՝ պետական, եկեղեցական, մտավորական ու մասնագիտական, որոնք ունեն հնարավորություն այդ գործընթացը դադարեցնելու ու պատժելու համար։
Նման արարքներով Աստծո տունն են քանդում, իսկ Աստծո տունը բոլորի համար նույն կատեգորիայի մեջ է մտնում՝ լինի իսլամ, քրիստոնեություն թե այլ դավանանք, եկեղեցին Աստծո տունն է»,- նշեց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նա նշեց, որ արդեն տարբեր առիթներով ասել է, որ 44-օրյա պատերազմը և մյուս պատերազմները միմյանցից վատ իմաստով շատ են տարբեր, քանի որ թշնամին ավելի է վատացել, ավելի բարբարոս է դարձել։
«Թշնամու վարքաբանությունը շատ է վատացել, փչացել է։ Եթե նախկինում ունեինք կոթողներ, որոնք մնացել էին, իրենք ձեռք չէին տվել… Եթե Դադիվանքն այսօր մեր հոգևոր ենթակայության տակ չլիներ, վստահաբար կարող եմ ասել, որ նույնն էլ Դադիվանքի հետ կանեին։
Նախկինում թշնամին այնքան էլ այսպես չէր, այսինքն՝ իրենք զարգանալու փոխարեն, հակառակն են անում՝ վայրագություններ են սովորում, մարդուն վարկաբեկելու, սպանելու, մորթելու համար, ամեն ինչ անում են, որպեսզի հայկականությունը, քրիստոնեության նշանը չերևա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում