Շոու-բիզնես

«Դստերս բոլոր ցանկությունները Ձմեռ պապիկն իրականացրել է»․ Լեռնիկ Հարությունյանը՝ Ամանորի և Ձմեռ պապիկի դերը ստանձնելու մասին

«Դստերս բոլոր ցանկությունները Ձմեռ պապիկն իրականացրել է»: Լեռնիկ Հարությունյանը, ով ներկայումս նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, սիրում է Ամանորը, սակայն տոնական տրամադրություն առայժմ չունի։ Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է Ամանորի, մեծ ոգևորությամբ պատրաստվելու և դստեր համար Ձմեռ պապիկ լինելու մասին։  

Լեռնիկի խոսքով՝ իր և իր ընտանիքի համար Ամանորն ամենասպասված տոնն է, որին սիրով են պատրաստվում։

«Ամանորը մեր ընտանիքի համար աշխարհի ամենասիրելի տոնն է։ Թե՛ Նոր տարին, թե՛ Սուրբ ծնունդը անպայման պետք է ընտանիքով նշենք և տանը։ Շատ ենք սիրում մեծ շուքով պատրաստվել Ամանորին։ Տոնը նշում ենք այնպես, ինչպես  ընդունված է հայկական իրականության մեջ: Որևէ արտասովոր բան չենք անում»,-ասաց դերասանը։

Լեռնիկ Հարությունյան

Որպես հայրիկ՝ Լեռնիկի ամենասիրելի պահն այն է, երբ դուստրը նվերների համար նամակ է գրում Ձմեռ պապիկին։  Դերասանը սիրով է կատարում Ձմեռ պապիկի դերն ու նվերներ պատրաստում 9-ամյա դստեր համար։

«Դուստրս անպայման նամակ է գրում Ձմեռ պապիկին, հավատում է, սպասում։ Մինչ օրս Ձմեռ պապիկն իրականացրել է դստերս բոլոր ցանկությունները: Աղջիկս գրենական պիտույքներ է սիրում, որքան հիշում եմ, միշտ նկարչական պարագաներ, գրքեր, նոթատերեր է ուզել։ Իր հետաքրքրություններն այդպիսին են։ Եթե ցանկություն ունենա և որոշի գնալ արվեստի ուղղությամբ, դեմ չեմ լինի։ Հիմա աղջիկս հաճախում է նկարչության, երգի, դաշնամուրի, մենթալ թվաբանության, պարի։ Ընդ որոշում՝ բոլոր պարապմունքներին գնում է մեծ հաճույքով»,- նշեց Լեռնիկը։

Լեռնիկ Հարությունյան

Դերասանն ասաց, որ Ամանորին իրենց ամենասիրելի պահը ընտանեկան ջերմ մթնոլորտում նախապատրաստվելն է․ «Չնայած ամեն տարի, գրեթե, նույն ձևով ենք անցկացնում մեր տոնական օրերն, ձևավորված ինչ-որ ավանդույթներ չունենք, բացի այն, որ անպայման պետք է այցելենք մեր ընտանիքի քավորին։ Ամանորի ընթացքում մեր սիրելի պահերից է, երբ բոլորով դիմավորում ենք կեսգիշերն ու մտնում նոր տարի։ Հաճելի պահ է նաև նախապատրաստական ընթացքը՝ դեկտեմբերի  31-ը և հունվարի 1-ը։ Հունվարի 1-ից հետո սկսում ենք ձանձրանալ, ուզում ենք աշխատանքի վերադառնալ»։

Դերասանն ասաց, որ այս տարին իր ընտանիքի անդամների  համար աշխատանքային է եղել՝ գերհագեցած գրաֆիկ  են ունեցել: «Դեռ չենք էլ մտածել Ամանորի մասին, սակայն շուտով կսկսենք պատրաստել և մեր ընտանիքում էլ քիչ-քիչ կտիրի տոնական տրամադրությունը»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել