«Դուք պետություն եք, արա՛, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք». Լևոն Հարությունյան (Տեսանյութ)
«Դուք պետություն եք, արա՛, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք». Լևոն Հարությունյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի և դերասան Լևոն Հարությունյանի հետ:
– Ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխության հանրաքվե, որի արդյունքում՝ ՍԴ 7 դատավորները պետք է հեռանան Սահմանադրական դատարանից: Դուք ի՞նչ կարծիք ունեք իշխանության այս նախաձեռնության վերաբերյալ:
Լևոն Հարությունյան- Ես սա համարում եմ նորմալ, սա իմ անձնական կարծիքն է, գուցե շատ մարդիկ չհամաձայնեն:
Մի քիչ ուշացած է այս ամենը, եթե ուզում էին երկրում բան փոխել, պետք է դա վաղուց անեին, ինձ համար ծիծաղելին այն է, որ հանրաքվե են անում, որ մարդկանց գործից հանեն: Երևի, միակ ճանապարհն էր մնացել, որ էլի բերեցին՝ դեմ տվեցին ժողովրդին:
– Այդ 7 դատավորը ինչո՞վ են խանգարում իշխանություններին:
Լևոն Հարությունյան- Ուշ են քնից արթնանում. Չգիտեմ՝ ինչով են խանգարում, երևի խանգարում են, որ ուզում են հանել: Ես քաղաքականության մեջ չկամ, եթե մեր ղեկավարությունը այսօր որոշել է, որ իրեն խանգարում են, եկեք՝ այդ մի շանսն էլ տանք, թող հանեն: Դա հիմնաքարերից մեկն է, որովհետև ՍԴ-ով շատ հարցեր են լուծվում:
Նիկոլայ Ծատուրյան- Ես զարմանում եմ հարցադրման վրա՝ այդ մարդիկ փոխեցին Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար, դե, արդեն ամեն ինչ պարզ է, էլի, ինչ իրենց թելադրեն, դա էլ պետք է անեն:
– Բայց Նիկոլ Փաշինյանն էլ հարմարվեց այդ Սահմանադրությանը, կարծես թե:
Նիկոլայ Ծատուրյան– Ուրեմն՝ խմած է եղել, էդ ժամանակ հարմարվել է: Մեկ է՝ ես՝ որպես քաղաքացի, տեսնում եմ, որ նրանք Սերժ Սարգսյանի համար արեցին մի բան, որ այդպես հեշտ ու հանգիստ Սահմանադրություն փոխեցին:
– Արդեն երկու տարի է՝ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ինչո՚՞ւ սահմանադրական փոփոխությունների չգնաց, եթե այդ Սահմանադրությունը վատն էր և կարված էր Սերժ Սարգսյանի հագով:
Լևոն Հարությունյան– Դե, ասացի, որ այն ժամանակ պետք է արվեր: Այդ փոփոխությունը պետք է վաղուց արվեր, չթողնեին՝ գար-հասներ սրան: Հիմա, եկել-հասել է սրան, սա է միակ ճանապարհը:
Նիկոլայ Ծատուրյան- Հիմա դա է Նիկոլ Փաշինյանի սխալը, որ շուտ պետք է աներ:
– Պարոն Ծատուրյան, մի առիթով ասել եք. «Ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր երկրներում հասարակության 70 տոկոսն ամբոխ է, 20 տոկոսը` ժողովուրդ, և ընդամենը 10 տոկոսն է ազգ։ Խնդիրն այն է, որ մենք` հայերս, քիչ ենք, և մեր մեջ ավելի ցցուն է երևում ամբոխի առկայությունը»: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին, եթե այո, ապա այդ, Ձեր բնորոշմամբ՝ 70 տոկոսանոց ամբոխը հանրաքվեի միջոցով ճիշտ որոշում կկայացնի՞ մնացած 30 տոկոսի համար:
Նիկոլայ Ծատուրյան– Ինձ թվում է՝ ճիշտ, որովհետև բոլորս այնքան ենք զզված նախկին կարգերից, նրանց մարդկանցից, և ժողովուրդն էլ տառապել է, ուրեմն՝ պարզ է, որ պետք է բան անեն: Մի ուրիշ վտանգ կա՝ 7 դատավորի վրա այսքան գումար են ծախսում, բա որ հանկարծ չստացվի՞:
Լևոն Հարությունյան– Նիկոլայ Ծատուրյանն ասել է՝ ամբոխ, այսօր մենք այդ 70 տոկոսին կարող է՝ վիրավորենք: Եկեք՝ գանք մի հատ ուրիշ կողմից՝ ժողովուրդը ե՞րբ է դառնում ամբոխ. 30 տարվա մեջ այդ 70 տոկոսին դարձրին ամբոխ: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ ես էլ եմ ինձ ամբոխ զգում, որովհետև կրթության հերն անիծեցին, մշակույթի մաման լացացրին:
Այսօր նոր կառավարությանը ուզում եմ դիմել՝ խնդրում եմ, շուտ արեք՝ մշակույթին ուշադրություն դարձրեք, ինքը մեռնելու վրա է: Այսօր դա դեմք է, որը սկսում ենք կորցնել:
– Հիմա մշակույթի ոլորտում տեսանելի փոփոխություններ չե՞ն արվում:
Լևոն Հարությունյան- Ո՛չ, ի՞նչ է արվում: Մշակույթի նախարարության հերն անիծեցին, ասացին՝ պետք չի, էսօր Մշակույթի նախարարությունը պետք չի, վաղն էլ մշակույթը պետք չի լինելու. մենք կամաց-կամաց գնում ենք դրան:
Նախկինում էլ, հիմա էլ մեր պետության պրոբլեմն այն է, որ այդ 70 տոկոսից ոչ ոք իր տեղում չէ. այսօր մենք չունենք մասնագետներ, այսօր ցանկացած ասպարեզում չունենք լիդեր:
– Հասարակությանը բաժանել են սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների. Սա ի՞նչ վտանգներով է հղի, և ի՞նչ անելիք ունեն այս հարցում գործող իշխանությունները և մտավորականության ներկայացուցիչները՝ դուք:
Լևոն Հարությունյան- Այսօր մտավորականությանը շան տեղ դնող չկա: Երբ մի օր էլ մտավորականները հավաքվեն, ու մենք էլ փողոց փակենք, էդ ժամանակ նշանակություն կտան:
Այսօր մտավորականությունը չի կարողանում համախմբվել. մեզ էլ դարձրին կինտո: Մի հատ մեր վիճակը նայեք, էլի, ժողովուրդ, մի հատ աշխատավարձերը նայեք: Աստված չանի՝ մի օր մշակույթը համախմբվի ու կարողանա իր խոսքն ասել, դրա պատասխանը ունե՞ն. չունեն:
Ես կուզենամ այդ օրվան արժանի լինեմ, որ մշակույթի ժողովուրդը համախմբվի, ասի՝ ղեկավարություն ջան, եթե մինչև հիմա քո դեմքն ենք ու չենք կարողանում աշխարհին ներկայանալ մեր մշակույթով, արժե՞ մեզ էլ պահեք, մեզ էլ ցրեք, մի 4 հոգու պահեք, որ ուր գնանք՝ այդ 4 հոգուն էլ հետները տանեն, ասեն՝ սա էլ մեր մշակույթն է:
Նիկոլայ Ծատուրյան- Լավ, ի՞նչ ասեմ, այ ձեր ցավը տանեմ, է: Հոգնել եմ արդեն քաղաքականությունից, արդեն ջղերս քայքայվում են:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած արվեստագետներին սոցցանցերում սկսեցին պախարակել, վիրավորել, ոմանց՝ նաև սպառնալ. արդյո՞ք այլ կարծիք ունենալ չի կարելի, պետք է բոլորը նույն կե՞րպ մտածեն:
Լևոն Հարությունյան- Դա իրենց որոշումն է: Էս ազգը ուրիշին ստորացնելուց հաճույք է ստանում: Սոցցանցերում թարախակալված մի շերտ կա, դուք դրանցով մի չափեք, ժողովուրդ ջան: Էդ մարդիկ որոշել են, ստորագրել են, դա իրենց որոշումն է:
Էս երկրին որձեր են պետք, էն, որ տղավարի գան՝ նստեն-ասեն… էն մարդիկ, որոնց ընտրել ենք, որ մեր տեղը որոշեն, արա, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք, որ գոնե 20 տարի հետո այդ մի քանիսի անունով փողոց բացվի էս քաղաքում կամ մնան էս ազգի պատմության մեջ:
Խնդրում եմ՝ դուք պետություն եք, դուք կառավարություն եք, կառավարությունն ունի իր նշաձողը, այդ նշաձողը պետք է պահել. հաց ուտելուց հետո ուղիղ եթերը ո՞րն է:
Ես դա չեմ ընդունում, ես դրանք չեմ էլ նայում, որովհետև ինձ համար դա ցածր որակ է, որովհետև դրանով իմ պետության կառավարիչն իր տեսակը թուլացնում է, որն ինձ դուր չի գալիս: Բայց, ամեն դեպքում, ընտրել ենք, կարո՞ղ ենք կողքին լինել: Այսօր մենք իր կողքին չենք:
Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում