Մամուլ

Դոն Պիպոյի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը:

Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է:

Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք:

Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմիածնում տիրում է անպատժելիության ու անարդարության մթնոլորտը: Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել:

Կարծում եմ` այստեղ կարիք չկա նույնիսկ թվարկելու բոլոր այն բռնությունները, որոնք կատարվել են համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցած երկու տասնամյակների ընթացքում: Իշխանական լծակներ օգտագործելով դղյակներ կառուցելը, մարդկանց բիզնեսներին ստիպողաբար «փայ մտնելը», ժողովրդին մերոնքականների և թշնամիների բաժանելը, պետության մեջ սեփական պետություն ստեղծելն ու նմանատիպ արատավոր այլ երևույթներ էջմիածնեցիների մոտ այնպիսի սարսափ էր տարածել, որ անգամ հեղափոխության օրերին Էջմիածնից դեպի Երևան քայլող դուխով մարդկանց երթը զարմացրել էր շատերին:

Բայց, ինչպես հաճախ Դուք եք նշում, երկրում իրավիճակ փոխվեց:

Հիմա ես մի մտահոգ քաղաքացի եմ, Էջմիածնի զավակ, ով հայրենիքում է, ու պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնել իր բնօրրանը` աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը շենացնելու: Սա` քաղաքականությունից դուրս:

Այս նամակով ուզում եմ նաև Ձեզ և բոլոր հայերին հրապարակայնորեն տեղեկացնել, որ բացարձակ հետաքրքրված չեմ քաղաքականությամբ: Հավատացեք` ես չունեմ քաղաքականությամբ զբաղվելու որևէ նպատակ և ցանկություն: Հակառակը` պատրաստակամությունս եմ հայտնում աջակցելու ժողովրդի թեկնածույին, նրան, ում ամբողջ Էջմիածինը կընտրի թեկուզ և հրապարակում` բարձրաձայն ու ծափերով: Կարևորը` առաջնորդը լինի ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդական սերն ու վստահությունը շահած թեկնածուն:

Նախորդ իշխնությունները տարիներիների ընթացքում սևացրել են իմ անունն ու Ասատրյանների բարի համբավը` վախենալով, որ ես Էջմիածնում կարող եմ բարեգործություններ ու ներդրումներ կատարել, նոր աշխատատեղեր բացել և ժողովրդիս անկախության ու ընտրության հնարավորություն տալ:

Սա է այսօրվա իմ մտահոգությունը: Ինձ համար շատ ցավալի է, որ երեխաներս, կրթված լինելով Եվրոպայի առջատար ուսումնական հաստատություններում, իրենց կաշկանդված են զգում սեփական ծննդավայրում` լսելով տարատեսակ ստահոդ լուրեր իրենց ընտանիքի մասին: Վստահ եմ` որպես հայր կհասկանաք ինձ: Գիտեք` հիմա ցավով եմ ասում, բայց շատ ամոթալի է, երբ հայրենիք ես վերադառնում, ու հենց օդանավակայանում` կնոջդ ու երեխաներիդ աչքի առաջ իրավապահ մարմինները, առանց որևէ հիմնավորման, քեզ տանում են բաժին` ճշտելու այցիդ նպատակը…

Հույս ունեմ, որ հաջորդ այցելություններիս ընթացքում, երբ Հայաստան գամ ընտանիքիս, կամ գործընկեր ձեռներեցների հետ, որևէ խոչընդոտի չեմ հանդիպի, և ինձ միայն իմ ընտանիքի անդամներն ու հարազատները կդիմավորեն: Ես այն մարդկանցից եմ, ով ևս ծառայել ու ծառայում է իր ժողովրդին ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հեղափոխությունից հետո շատերի նման ես էլ լիահույս եմ, որ մի օր, անկախ ամեն ինչից, Ասատրյանների ընտանիքը մշտական բնակության կվերադառնա մեր երազած Հայրենիք` մեր ծննդավայր Էջմիածին:

Հարգանքներով` Արթուր Ասատրյան:

Կիսվել